«Չեմ ուզում մտնել երկու նախկին գործընկերների տարածք». Էդմոն Մարուքյանը՝ Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանվեճի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մի ընկեր ունեմ, երեկ զանգել, ասում է՝ դու ոնց-որ դետոնատոր լինես, մի բան նախաձեռնում ես, գմփում է»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսպես արձագանքեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջից հետ ԲՀԿ-ի և իշխանության միջև սրված հարաբերությունների վերաբերյալ հարցադրմանը:
Մարուքյանը հիշեցրեց՝ նախարարի հրաժարականը նախաձեռնել են դեռեւս հունիս ամսին, ուստի անտեղի են մամուլի հրապարակումները, թե դա արվել է Նիկոլ Փաշինյանի հորդորով.
«Հարցապնդումն արվել է հունիսին: Դրանից հետո 90 օր գրավոր ընթացակարգեր կան, որ նիստերը գան, ու լինի: Այդ ընթացքում ուսանողներն են դուրս մնացել, չափորոշիչների հետ կապված խնդիրներ են ծագել: Երբ մենք դիմել ենք, այս խնդիրների մի մասը չի եղել»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանվեճին, Մարուքյանն ասաց՝ չի ուզում այդ բանավեճը մեկնաբանել. «Չեմ ուզում մտնել երկու նախկին գործընկերների տարածք, որովհետև երբ նրանք հուշագիր էին ստորագրում, ինձ չեն հարցրել, երբ բանավիճում են, կրկին ինձ չեն հարցրել»:
Անդրադառնալով վարչապետին սպասարկող ինքնաթիռին, որի դիզայնի համար, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, ծախսվել է շուրջ 250.000 դոլար՝ Մարուքյանը նախ պնդում է՝ այդ ծախսերը պետք է թափանցիկ լինեն, ապա հավելում՝ իշխանությունը, որը ժուժկալության կոչ է անում ժողովրդին, պետք է ամենաժուժկալը լինի.
«Հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք է ճգնավորի պես աշխատի: Հարց ենք տալիս՝ ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք: Ասում են՝ ծախսը պետական գաղտնիք է, մինչդեռ «Լուսավոր Հայաստանը» նախորդ տարի նախագիծ է ներկայացրել, որ այն գաղտնազերծվի ու դառնա թափանցիկ, բայց գալով իշխանության՝ մերժել են այդ նախագիծը: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել: Այդտեղ պետական գաղտնիքի բան չկա, պետք է բացահայտել»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:
Էդմոն Մարուքյանը խոսեց նաև վարչապետի այն գրառման մասին, որում վերջինս ասում էր, թե իրենք աշխատում են, գուցե նաև սխալներ լինեն, Մարուքյանն արձագանքեց, թե սա լեգիտիմ ընտրված միակ իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում.
«Ասում է՝ արել ենք սխալներ, բայց կոնկրետ չի նշում՝ որն է սխալ: Օրինակ՝ որ Երվանդ Խունդկարյանն այստեղ երդվեց, կարո՞ղ է դա նկատի ունի, որ սխալ են արել: Հազար բան կարող են կասկածել, չէ՞: Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ իրենք որևէ հարցում, անգամ եթե սխալ են անում, զիջելու տեղ չունեն: Դա վատ բանի է տանում՝ ժողովրդավարական պրոցեսները դեպի ամբողջատիրականի: Անգամ ինձ վրա հարձակվելը չեն ընդունում, որ սխալ են անել»,-ասաց նա:
Մարուքյանն անդրադարձավ նաև Վանաձորում բացված գազաբալոններ արտադրող գործարանի մասին վերջին շրջանի քննարկումներին՝ նշելով, թե վարչապետին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է նյութ Վանաձորի տվյալ գործարանից, որում գործարանի տնօրենը ԼՀԿ պատգամավորներին թիրախավորել է և նրանց հասցեին վիրավորական արտահայտություն է արել. «Որ հարց ենք տալիս ներդրման մասին, որը ժողովրդին ներկայացվել է որպես կառավարության ձեռքբերում, դա խնդի՞ր է, որ դրա համար պատվիրվում է հակաքարոզչություն՝ վարչապետին պատկանող մամուլի միջոցներով»,- ասաց Մարուքյանը: