Արմեն Սարգսյանը շրջել է Չինաստանի նորակառույց դեսպանատանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:
Հայաստանում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը դեսպանատան նոր շենքի մուտքի մոտ դիմավորելով նախագահ Սարգսյանին՝ նշել է, որ Հայաստանի նախագահն իրենց առաջին հյուրն է: «Դուք մեր նոր դեսպանատան առաջին և ամենապատվավոր հյուրն եք: Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ: Մենք հիշում ենք, որ Դուք արդեն երրորդ անգամ, ազգային տոնին ընդառաջ, այցելում եք մեզ՝ անձամբ շնորհավորելու: Սա Ձեր կողմից մեր երկրի նկատմամբ ուշադրության դրսևորում է, ինչը համարում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից բարեկամական վերաբերմունք: Մեր երկրների հարաբերություններն ունեն հին ավանդույթներ ու խոր արմատներ և հիմք են ծառայում մեր ներկայիս գործընկերային հարաբերությունների համար»,-ասել է դեսպան Էրլունը: Նա Հայաստանի նախագահին է փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույնները:
Նախագահ Սարգսյանը դեսպանին, դեսպանության աշխատակիցներին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է առաջիկա ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ և իր լավագույն մաղթանքները փոխանցել նախագահ Սի Ծինփինին:
«Համաձայն եմ, որ մեր այսօրը միշտ որոշվում է անցյալով և ապագայով: Միշտ նայում ենք հետ՝ տեսնելու, թե որտեղից ենք գալիս, և կարևոր է իմանալ նաև, թե ուր ենք գնում և ում հետ ենք ցանկանում անցնել այս ճանապարհը: Մեզ միավորում է ապագան, իսկ մարդկության ապագան նոր տեխնոլոգիաներն են: Հայաստանը կարող է այս ոլորտում համագործակցել Չինաստանի հետ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ուրախ կլինեմ, եթե կարողանամ իմ փոքր ներդրումն ունենալ նոր տեխնոլոգիաների ոլորտում հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկար տարիների արդյունավետ աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման մեջ ունեցած ներդրման համար: Դրա փայլուն օրինակը նա համարել է դեսպանատան նոր շենքի կառուցումը: «Կարծում եմ՝ Չինաստանը կարող է հպարտ լինել այսպիսի ներկայությամբ: Եվ մենք էլ սա դիտարկում ենք որպես Չինաստանի կողմից հայ-չինական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու և խորացնելու հայտ: Չնայած իրենց տարբեր չափերին՝ Հայաստանն ու Չինաստանն ունեն շատ մեծ ընդհանրություններ. երկուսն էլ ինչ-որ իմաստով համաշխարհային ազգեր են»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Հանրապետության նախագահը երկու երկրների միջև համագործակցության համար հեռանկարային է համարել ոչ միայն տեխնոլոգիաների, այլև մի շարք այլ ոլորտներ՝ սննդի անվտանգության, գյուղատնտեսության, բնական ռեսուրսների ոլորտներից մինչև կրթություն և մշակույթ: «Ապագա աշխարհի բոլոր ոլորտները հագեցած են լինելու նոր տեխնոլոգիաներով: Մեր երկրները համատեղ գիտական, գիտահետազոտական համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը նաև շրջել է նորակառույց դեսպանատանը: