Չի վճարել շուրջ 200 մլն դրամի հարկերը. կանխամտածված սնանկության դեպք է բացահայտվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊԵԿ քննչական վարչությունում «Գև Գար» և «Էրեմ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրի 193-րդ և 205-րդ հոդվածի 2-դր մասով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Է. Ս-ն շահույթ ստանալու նպատակով այդ ընկերությունների անվամբ 2019-2020 թվականների ընթացքում կազմակերպել ու ղեկավարել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն շուրջ 950 մլն ՀՀ դրամ արժողությամբ հացահատիկային մշակաբույսերի ու սերմերի ներմուծման և իրացման ձեռնարկատիրական գործունեությունը:
Այսպես, նշված ապրանքների ներմուծման և մեծածախ իրացման արդյունքում, նա նույն ժամանակահատվածում ամբողջությամբ ստացել է հատուցման ենթակա համարժեք գումարները և ունենալով բավարար ֆինանսական հնարավորություն, պետության հանդեպ առաջացրած պարտավորությունները չկատարելու դիտավորությամբ, ձեռնարկատիրական գործունեության մասով չի վճարել շուրջ 200 մլն ՀՀ դրամի չափով հարկերը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված ակտիվները տնօրինել է իր հայեցողությամբ և կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս:
ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող քաղաքացի Է. Ս-ն: Միաժամանակ, քրեական գործով տարբեր հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր ու փաստաթղթեր:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում, հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին