Եթե մարդկանց բերեն հանրահավաքի, դա լինելու է տարբեր մեթոդներով, չի լինելու ինքնաբուխ․ Սոս Ավետիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պարոն Ծառուկյանի փորձը մենք չունենք և չենք էլ կարող ունենալ։ Այն փորձը, որ նրանք ունեն հարստահարելու և մարդկանց կեղեքելու գործում, մենք չունենք»,- «Ա1+»-ի եթերում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իշխանությունների ձախողումների պատճառը նրանց փորձ չունենալն է։
«Կան շատ փորձառու կադրեր հատկապես ֆինանսատնտեսական, անվտանգային ոլորտում։ Եվ կան նոր մարդիկ, որոնք տարբեր տեսլականներ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման ոլորտում և առաջ են տանում»,- հավելեց պատգամավորը։
Խոսելով հոկտեմբերի 8-ին ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մասին՝ Ս․ Ավետիսյանը գտնում է, որ այդ ճանապարհը նրանց հաջողություն չի բերի մի պարզ պատճառով, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը միայն Նիկոլ Փաշինյանի մտածած գործողությունը չէր, դա յուրաքանչյուր քաղաքացու գործն էր։
«Այն ժամանակ պատգամավոր Ն․Փաշինյանը կոչ էր անում յուրաքանչյուրին տեր կանգնել իր իրավունքին։ Եվ մեզ հաջողվել է քաղաքացուն բերել հրապարակ՝ առանց գումարի, առանց նրան սպառնալու, առանց նրանց նսեմացնելու, առանց նրանց ընտանիքների նկատմամբ պրոցեսներ հարուցելու»,- ասում է նա։
Պատգամավորը անդրադարձավ նաև «Դոսյե» կենտրոնի բացահայտմանը, որտեղ նկարագրվում էր, թե Հայաստանից որ գործիչներն են համագործակցում ռուսական հատուկ ծառայությունների հետ և ասաց, որ այնտեղ նոր բան չի տեսել։
Ս․ Ավետիսյանը գտնում է, որպեսզի ՀՀ-ն արտաքին ազդեցությունից զերծ մնա, պետք է զարգացնի կրթական ուղղությունները։ Հիշեցնում է, թե մեր տարբեր ծառայության ղեկավարները որտեղ են սովորում և շեշտում է, որ բոլոր ծառայությունների համար մեր երկիրը պետք է ունենա կրթական համակարգեր այնպես, ինչպես ունի դիվանագիտական ծառայության դեպքում։ Մինչդեռ, մեր պաշտպանական և անվտանգության ոլորտների սպաները վերապատրաստվում են Ռուսաստանում։
«Չեմ ասում, որ եթե ՌԴ-ում են սովորում, միանգամից դառնում են ազդեցության գործակալ»,- զգուշացավ նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև Արարատյան դաշտավայրի ջրային ոլորտում մոտ մեկ տարի տևած ուսումնասիրությանը՝ ասելով․
«կարող են քրեական գործեր լինել»։
Մանրամասները՝ տեսանյութում