Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Եվրոպայի լիգա. Բայրամյանը փոխարինվեց, Համբարձումյանն ինքնագոլի հեղինակ դարձավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան որակավորման 3-րդ փուլի հանդիպումները: Գրանցվեցին բազմաթիվ անակնկալներ:

Ռուսաստանի «Ռոստովը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, սեփական դաշտում անսպասելի պարտվեց իսրայելական Հայֆայի «Մաքաբիին»՝ 1:2: Մեր ֆուտբոլիստը խաղաց մինչև 65-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց:

Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոն» հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտություն կրեց Ֆարերյան կզիների չեմպիոն «Կլակսվիկից»՝ 1:6: Մեծ անակնկալ մատուցեց նաև հունգարական «Ֆեհերվարը», որը 11մ հարվածներով պայքարից դուրս թողեց թոփ-5 երկրների ներկայացուցիչ, ֆրանսիական «Ռեյմսին»՝ 0:0, 11մ՝ 3:1:

Եվրոպայի ուժեղագույն լիգաների մյուս ներկայացուցիչները միաձայն հաղթահարեցին այս փուլի արգելքը: Իտալիայի «Միլանը» սեփական դաշտում 3:2 հաշվով առավելության հասավ նորվեգական «Բոդո-Գլիմտի» նկատմամբ: Գերմանական «Վոլֆսբուրգն» իր հարկի տակ վստահ հաղթեց ուկրաինական «Դեսնային»՝ 2:0, իսկ իսպանական «Գրանադան»՝ վրացական «Լոկոմոտիվին»՝ 2:0: Լոնդոնի «Տոտենհեմը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Սկոպյեում 3:1 հաշվով պարտության մատնեց հյուսիսմակեդոնական «Շկենդիային»: Ի դեպ, այդ խաղը կարող էր չկայանալ, քանի որ անգլիացիների դարպասապահը նկատել էր, որ դարպասներից մեկը չի համապատասխանում չափերով (5սմ ցածր է եղել): Դաշտի տերերը ստիպված շտապ կարգով փոխել են դարպասը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի թիմը՝ Կիպրոսի «Անորտոսիսը», արտագնա խաղում լարված պայքարում զիջել է շվեյցարական «Բազելին»՝ 2:3: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է ողջ խաղին, իսկ 21-րդ րոպեին դարձել է ինքանգոլի հեղինակ:

Նշենք, որ Եվրոպայի լիգայի այս փուլից հետո եվրոգավաթներում իրենց վերջին մասնակիցներին կորցրին ևս մի քանի երկրներ, մասնավորապես Սլովենիան, Սլովակիան, Հյուսիսային Մակեդոնիան, Լատվիան, Լիտվան, Վրաստանը, Մալթան, Չեռնոգորիան, Կոսովոն, Մոլդովան:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանում 1:0 հաշվով հաղթել է սլովենական «Ցելյեին» և մտել փլեյ-օֆֆ, որտեղ կհանդիպի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: