«Ես ինձ երբեք թույլ չեմ տվել որակի հաշվին գումար աշխատել».«Ֆրեզեն» ընկերության տնօրեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երբեք չի եղել մենաշնորհ, ոչ մի ընկերության մենք չենք խոչընդոտել, որ մուտք գործեն շուկա»,- հայտարարում է «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը,որը տարիներ շարունակ հեմոդիալիզի սարքավորումների և պարագաների ներկրմամբ է զբաղվել։
Նա արձագանքում է քննադատություններին, թե եղել է մենաշնորհ այս ոլորտում։
Գործարար, հեմոդիալիզի պարագաների վաճառքով զբաղվող «Խաչպար» ընկերության հիմնադիր Սմբատ Բալասանյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե հեմոդիալիզի սարքերի տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում իր ընկերությունը կարողացել է մի շարք հիվանդանոցներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվել, ինչը նախկինում, հնարավոր չէր։
Պիվազյանը արձագանքում է․
«Օրինակ՝ ինքը նշեց ֆիստուլային ասեղների մասին, դրանց տեխնիկական բնութագրերը երբեք չեն փոխվել, ախտահանիչների վրա փոփոխություն չի եղել, օրգանական աղերը ինչպես կային, այդպես մնացել են, նույն ասեղների տեխնիկական բնութագրերը նույնն են, բա ինչո՞ւ չէին ներկրում 20 տարի։ Մի օր, մի տեղ թող բողոք ներկայացնեին, բարձրաձայնեին, ասեին՝ 20 տարի է ուզում ենք ներմուծել, չեն թողնում մտնենք շուկա, պարզապես նրանք ոչ մի անգամ չեն զբաղվել հեմոդիալիզով»։
Ինչ վերաբերում է Բալասանյանի պնդումներին, թե տարբեր հիվանդանոցների ինքն ու այլ ընկերություններ արդեն վեց ամիս է, ինչ սարքեր են մատակարարում և որակի հետ կապված որևէ մեկը վերապահում չունի, «Ֆրեզեն» ընկերության տնօրենն ասում է․
«Կա՞ մի փաստաթուղթ, որ իրենց բերած ապրանքը համարժեք է մեր բերած ապրանքին, ես ասում եմ, որ դա համարժեք չէ։ Մենք 20 տարի աշխատել ենք, չե՞նք իմացել այդ էժան և համարժեք ապրանքի տեղը, որ բերեինք ավելի շատ գումար աշխատեինք, հիմա մարդիկ ասում են՝ համարժեք ապրանք ներմուծում ենք ու 600 մլն դրամ պետությունը խնայում է»։
Ի դեպ, Սմբատ Բալասանյանը պնդել էր նաև, թե իր հաշվարկով պետությունը մեկ տարում խնայել է ավելի քան 600 միլիոն դրամ՝ շնորհիվ սարքավորումների տեխնիկական բնութագրերի փոփոխման։
Պիվազյանը հակադարձում է՝ 600 մլն խնայողությունը եղել է սարքավորումների պարագաների որակի հաշվին․
«Ես ինձ երբեք թույլ չեմ տվել որակի հաշվին գումար աշխատել»։
Մանրամասները՝ տեսանյութում