Նախարարը կոչ է անում աջակցությունը տրամադրել համակարգված և պետական մարմինների միջոցով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր քաղաքացիների տեղավորման խնդիրները լուծվում են տարբեր կամավորական խմբերի և նախարարության համակարգման միջոցով,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Հիմնականում մենք քաղաքացիներին տեղավորել ենք մասնավոր սեկտորի կողմից տրամադրված կացարաններում, հյուրանոցներում, հյուրատներում, սննդի հարցը ևս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ, մարզպետարանների համագործակցությամբ, պետական կառույցների կողմից տրամադրված կացարանները դեռևս ամբողջությամբ գործի չենք դրել, այսինքն՝ դրանց մեծ մասը ազատ է»,-նշեց Բաթոյանը՝ հավելելով, որ քաղաքացիներին այս պահին շարունակում են գրանցել և տեղավորել տարբեր կացարաններում:
Նախարարը կոչ արեց աջակցությունը տրամադրել համակարգված և պետական մարմինների միջոցով, քանի որ այնտեղ շատ ավելի հստակ գիտեն կարիքները:
«Հաղթանակից հետո ավելի դժվար օրեր ենք ունենալու և պետք է կարողանանք դրանք հաղթահարել»:
Բաթոյանն ասում է՝ խրախուսելի է, որ իրականացվում է ապակենտրոն աջակցությունը, բայց կա նաև համակարգման անհրաժեշտություն. «Մեր առջև դրված ամենակարևոր խնդիրը մեր քաղաքացիների համար կենսական պայմաններ ապահովելն է՝ կացության, սննդի, հագուստի հարցը լուծելը, և սա մենք իրականացնում ենք. որևէ լուրջ խնդիր այս առումով չկա»: