Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մեր ազգը միասնական է, քան երբևէ». Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին (տեսանյութ)

Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Մինչ նիստի մեկնարկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարներին և հյուրերին։

Այնուհետեւ մեկնարկեց նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նշենք, որ Հայստան են ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը:

Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել, ինչի պատճառով երկիրը ներկայացված է դեսպանի մակարդակով: Մինչ նիստերի մեկնարկը երկրների վարչապետերն ու Մյասնիկովիչը մասնակցեցին արարողակարգային լուսանկարահանման:

Նեղ կազմով հանդիպումից հետո նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում:

Նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ նիստն ընթանում է Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում։ Վարչապետը գործընկերներին տեղեկացրեց՝ երկու շաբաթ է, ինչ Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայանքով մարտերը չեն դադարում, օգտագործվում են բոլոր տեսակի ժամանակակից զինատեսակները․

«ԼՂ եւ Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրթիռային ու հրետանային կրակի տակ։ Կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիների շրջանում»,- ասաց նա։

Չնայած այս ամենին՝ վարչապետն ընդգծեց՝ մեր ազգը միասնական է, քան երբևէ և պատրաստ է մինչև վերջ պայքարել իր ազատության և անկախության համար․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին՝ այսպիսի ոչ սովորական պայմաններում Հայաստան ժամանելու համար, սա հատուկ գնահատելի է մեզ համար»,- նշեց նա։