Դեմ եմ օպերատիվ շտաբ ստեղծելու գաղափարին. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Նրան դիմավորեցին կուսակից ընկերներն ու աջակիցները։
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց՝ մինչ դուրս գալը բոլորին ասել է իր անունից զանգել և ամեն կերպ աջակցել, ԲՀԿ ղեկավարը շեշտեց՝ այս պահին իրավիճակից դուրս գալու հիմնական տարբերակը միասնությունն է, ինչպես համախմբվել են հայերը ողջ աշխարհում։
Ծառուկյանն ասաց՝ մեկուսարանից արել է ինչ հնարավոր է, հիմա ավելին է անելու․
«Հիմա ավելի շատ եմ անելու, ոչ մեկ չկասկածի, արել եմ, անում եմ ու կանեմ։ Մարդը պետք է ձեռագիր թողի, անուն թողի, էսօր բոլորս էլ մի ազգ ենք և մեր հիմնական խնդիրը այն է, որ երկրի վիճակը լավ լինի»։
Ծառուկյանը վստահեցրեց՝ քաղաքական տարաձայնությունները մի կողմ է դնելու, քանի որ այսօր հիմնական խնդիրը պետք է լինի իրավիճակից դուրս գալը։
Օպերատիվ շտաբի ստեղծմանը Գագիկ Ծառուկյանը դեմ է։
ԲՀԿ ղեկավարը նաև հայտնեց, որ հանձնարարելու է մարդկանց` նախապատրաստել կամավորական խմբերով առաջնագիծ մեկնելու համար, քանի որ որոշվում է ազգի ճակատագիրը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գրավով ազատ արձակելու որոշումը, համաձայն որի՝ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: