Ինչպե՞ս պաշտպանվել ճգնաժամից
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը չի բացառում, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը շարունակվի, իսկ շարունակվելու դեպքում այն ՀՀ կհասնի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Նրա կարծիքով, եթե կառավարությունը խելոք լինի, պետք դադարեցնի եվրոյի արժեզրկումը. «Հիմա պետք է գնել եվրո, եւ երբ դրամը սկսի արժեզրկվել, պետք է վաճառել եվրո: Սա կառավարությունը չի անում` հաճույքով թույլ տալով դրամի արժեզրկում, որը ոչ մեկին պետք չի եւ վալյուտային շուկայում թույլ է տալու այնպիսի տատանումներ, որը թույլ չի տալու որեւէ բիզնեսի զարգացում»:
Նրա կարծիքով ՀՀ իշխանություններին այսօր հետաքրքրում է մեկ բան համեմատաբար ստեղծել իմիջ, որը դոլարը մոտ լինի 400 դրամին եւ ձեռք չտալ օլիգարխներին. «Իսկ օլիգարխները նստած են ներմուծումների վրա եւ հետաքրքրություն չունեն էքսպորտի վրա»:
Հրանտ Բագրատյանը միանշանակ չի ընդունում ՀՀ- վերաբերյալ միջազգային կառույցների ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներին. «ՀՀ-ում 2009թ. անկումն այնքան մեծ է եղել, որ եթե այժմ կառավարությունը ոչինչ չանի, կստանա 10-12 տոկոս աճ: Դժբախտաբար, որոշ բաներ անելու են այս տարի, եւ, իհարկե, սխալ, որովհետեւ իրենց նպատակը իրենց բիզնեսը պաշտպանելն է: Իրականության մեջ, այո, կարող է լինել 2,5-3 տոկոս աճ, իրենք կներկայացնեն 5-8 տոկոսի շրջանակներում, որովհետեւ հիմա արդեն վիճվարչությունը սղաճը, գների աճը կոռեկտավորում է»:
Նախկին վարչապետը վստահ է, որ ՀՀ կառավարությունը հետագայում ստիպված է լինելու շատ ավելի թանկ վճարել իր այսօրվա քայլերի համար:
«Ո՞ւմ ինչ բացատրեմ,- ասաց Բագրատյանը եւ նշեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան այսօր օգտագործում է ոչ ճիշտ տնտեսական տերմիններ,-Տիգրան Սարգսյանը սխալ է ասում, երբ ՀՀ տնտեսությունը բնորոշում է օլիգոպոլիան: ՀՀ տնտեսությունը մոնոպոլիաներ են: Բենզինի ոլորտում երկու հոգի են որոշում ամեն ինչ, ավիացիոն փոխադրումները` մոնոպոլիա է, կապի ոլորտում երեքն են` այնտեղ նման է մի քիչ օլիգոպոլիայի»:
Ի դեպ, ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուսին ՀՀ տնտեսությունը նույնպես գնահատել է օլիգոպոլիա: «Լյուիսին էլ բացատրված է, որ Հայաստանում ավելի շատ ոչ թե մոնոպոլիա է, այլ օլիգոպոլիա: Ջահելների պրոբլեմն ախր ի՞նչ է` գալիս են, երկու տարի հետո իրենք չեն զբաղվում: Մենք տնտեսությամբ զբաղվում ենք քսան տարի: Երկու տարի հետո ինքը փոխում է իր երկիրը: Եվ իրենց մոտ ինքը պետք է ունենա «նայս սթորի»` գեղեցիկ պատմություն: Այսինքն` ինչ գործ, որ ինքը ղեկավարել է, պետք է հաջող լինի: Սրանով Հայաստանը չպիտի ոգեւորվի»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Իսկ շարքային քաղաքացին ինչպե՞ս պաշտպանվի տնտեսական ճգնաժամից «Ա1+»-ի հարցին` պարոն Բագրատյանը պատասխանեց. «Եթե ունեն խնայողություն, թեկուզ 1000 դոլար, թող թանկարժեք մետաղ գնեն` ընդ որում ոչ ոսկի, այլ պլատին կամ անտիկվարիատ` արվեստի արժեքավոր գործեր, որոնց գինն ընկել է, բայց որոնք ժամանակի ընթացքում կվերականգնեն իրենց գինը»: