Հայաստանի հավաքականները տարվա վերջին խաղերը կանցկացնեն Կիպրոսում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը տեղական ժամանակով ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00):
Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները նույնպես կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում:
Նոյեմբերի 13-ին կկայանա Հայաստան - Շվեդիա հանդիպումը, տեղական ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին): Հայաստան - Իսլանդիա խաղը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին):
Հիշեցնենք, որ Եվրոպայի ֆուտբոլային միությունը Հայաստանին ու Ադրբեջանին արգելել է իրենց հարկի տակ հանդիպումներ անցկացնել, քանի դեռ Արցախում ընթանում են ռազմական գործողություններ: