Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. ֆավորիտների անակնկալ պարտությունները, «Սևիլյայի» գերկամային հաղթանակը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի վերջին ութ հանդիպումներում գրանցվեցին խոշոր անակնկալներ:

Մասնավորապես՝ H խմբում «ՌԲ Լայպցիգն» իր հարկի տակ կամային հաղթանակ տարավ աստղային կազմ ունեցող «ՊՍԺ»-ի նկատմամբ՝ 2:1: Գերմանական ակումբը վաստակելով 6 միավոր, հավասարվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որը Թուրքիայում անսպասելի պարտվեց մրցաշարի նորեկ «Իստամբուլ Բաշաքշեհիրին»՝ 1:2:

G խմբի առաջատար «Բարսելոնան» սեփական դաշտում մեծ դժվարությամբ կոտրեց Կիևի «Դինամոյի» դիմադրությունը՝ 2:1: Կատոլոնյան ակումբը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակեց 9 միավոր: Նրան հաջորդում է Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը», որը Բուդապեշտում 4:1 հաշվով ջախջախեց տեղի «Ֆերենցվարոշին» և տոնեց երկրորդ հաղթանակը մրցաշարում:

E խմբի մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են երկու թիմեր՝ Լոնդոնի «Չելսին» ու «Սևիլյան»: Անգլիական ակումբը ընթացիկ խաղում սեփական դաշտում 3:0 հաշվով ջախջախեց ֆրանսիական «Ռենին»: Իսպանական ակումբը իր հարկի տակ հաղթեց մրցաշարի մյուս նորեկ ռուսական «Կրասնոդարին»՝ 3:2, չնայած սկզբում զիջում էր 0:2 հաշվով, բացի այդ երկրորդ խաղակեսում մնացել էր 10 ֆուտբոլիստով:

F խմբում առաջին տեղ բարձրացավ Դորտմունդի «Բորուսիան», որը հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Բելգիայի չեմպիոն «Բրյուգեին» և վաստակեց 6 միավոր: Գերմանական ակումբից մեկ միավորով ետ է մնում Հռոմի «Լացիոն», որն այս տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ՝ 1:1:

Այդպիսով, չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին շրջանից հետո դեռևս միավոր չեն վաստակել ֆրանսիական «Մարսելն» ու դանիական «Միդտյուլանդը»: Մարսելցիները նաև գոլ չեն խփել առաջին երեք խաղերում: Իսկ ահա «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլն» ու «Բարսելոնան» առայժմ միավոր չեն կորցրել: Լիվերպուլյան ակումբն ու Լոնդոնի «Չելսին» դեռևս գոլ բաց չեն թողել:

Հաջորդ՝ 4-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 24-ին և 25-ին: