Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագնա նիստ Հայաստանում

Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ընդունել է Հունգարիայի մրցակցության մարմնի գլխավոր քարտուղար Անդրեա Բելենիին և գլխավոր խորհրդական Էմեշե Բորզային:

Նրանք Երեւանում են Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հայաստանում արտագնա միջազգային սեմինարի կազմակերպման հարցերի և թեմայի քննարկման նպատակով:

Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնն ամեն տարի տարբեր երկրների մրցակցային մարմինների մասնագետների համար Բուդապետում իրականացնում է սեմինարներ:

Առաջիկա միջազգային սեմինարը հունիսի վերջին լինելու է արտագնա և կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանում, որին նախնական տվյալներով, կմասնակցեն 17 երկրի մրցակցային մարմինների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ (մոտ 40 մարդ): Ողջունելով կենտրոնի նախաձեռնությունը, պարոն Շաբոյանն իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը հայտնեց միջոցառումը լավագույնս կազմակերպելու հարցում աջակցության համար:

Անդրեա Բելենիի ներկայացմամբ` Հայաստանում անցկացվելիք սեմինարի թեման գերիշխող դիրքի չարաշահումն է, որը կընդգրկի ոչ միայն տեսական հարցեր, այլ նաև կքննարկի կոնկրետ գործեր:

«Թեման շատ արդիական է Հայաստանի համար. ներկայումս ՀԲ փորձագետի հետ մենք աշխատում ենք մեր օրենսդրության բարեփոխման վրա և շատ օգտակար կլինի միջազգային փորձի ուսումնասիրությունը,- նշեց Արտակ Շաբոյանը` ավելացնելով,-Մենք կցանկանայինք առավել գործնական խնդիրների և օրինակների քննարկում, ինչպես նաև առավել շատ տեղեկատվություն»:

Տնտեսական եւ համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (Budapest RRC) հիմնադրվել է 2005 թվականին` Տնտեսական եւ համագործակցության զարգացման կազմակերպության և Հունգարիայի մրցակցության մարմնի ջանքերով: