Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլորը տնտեսել են ճգնաժամի պատճառով

Տնտեսություն

Տնտեսական ճգնաժամի պատճառով 2009 թվականին կասեցվել է գրեթե բոլոր ոլորտներին տրվող ֆինանսավորումը: Այսօր խորհրդարանում գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2009 թվականին կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի նախարարություններին, ինչպես նաեւ ՀՌԱՀ-ին եւ ՀՀՌԸ-ի հատկացված գումարների կատարողականը:

Բոլոր նախարարությունները, բացի կասեցումներից, նաեւ սեփական նախաձեռնությամբ էին խնայողություներ արել:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ հաշվետու տարում նախարարության պահպանման համար բյուջեից հատկացվել է 292 մլն դրամ, որից 12.5 տոկոսը խնայել է նախարարությունը, իսկ ծրագրերի համար հատկացվել է 100 մլն դրամ: Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց հիմնական խնդիրը եղել է սփյուռքի գործընթացներն ուսումնասիրելը, ծանոթանալը. «Հայաստանի պատմությունը չի գրվում միայն Հայաստանում, այդ պատճառով ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ արեւելագիտության ինստիտուտի հետ համատեղ ծրագրեր են կատարել, գրքեր ենք հրատարակել, իրականացրել են նաեւ կրթական ծրագրեր, մասնավորապես 700 ծրագիր ենք մշակել եւ կատարել հանրակրթական դպրոցների համար»:

Կրթության ոլորտին հատկացված 107.5 մլրդ դրամից 18,7 մլրդ-ը խնայվել է: 99,3 տոկոսով իրականացվել է հանրակրթության բյուջեն: «Ոչ մի պարտք աշխատավարձերի մասով», -նշեց ոլորտը ներկայացնող կրթության փոխնախարար Արա Ավետիսյանը:

Մշակույթի ոլորտին հատկացվել է 9.6 մլրդ դրամ. այստեղ եւս խնայողություններ են արվել: Նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ իրենք 2009-ին առավելապես շեշտը դրել են մշակութային կադրերի կրթության վրա. նա դժգոհեց երաժշտական դպրոցների անորոշ կարգավիճակից, եւ նկատեց, որ համայնքային պատկանելության պատճառով դպրոցները մի տեսակ անուշադրության են մատնված:

2009 թվականին վերապատրաստման են ուղարկվել ուսուցիչներ, երաժշտական դպրոցի մասնագետներ, թանգարային գործի 30 մասնագետներ, ինչպես նաեւ աշակերտներ:

Բյուջեի կատարողականը դատարկ դահլիճում ներկայացրեցին ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը եւ ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ 95 մլն 125 հազար դրամից 88մլն 58 հազար փաստացի իրենց տրամադրվել է, որից իրենք խնայել են 7 մլն դրամ, դրա հիմնական պատճառն այն է եղել, որ մոտ 9 ամիս հանձնաժողովի կազմը համալրված չէր, եւ 4 անդամ աշխատավարձ չի ստացել:

Ալեքսան Հարությունյանին ներկա երկու պատգամավորից մեկը` Արծրունի Աղաջանյանը հարցրեց, թե ինչու իրենց հարց ու պատասխանները ցույց են տալիս գիշերը 1.30 -ին:

«Ինչ ասես ցույց եք տալիս, մեզ ցույց չեք տալիս»,-ասաց Աղաջանյանը: Դրան ի պատասխան Հարությունյանն ասաց,որ պետք է տեղի ունենա մրցույթ, որի արդյունքներով կորոշվի, թե որ հեռուստաընկերությունը կցուցադրի հարցուպատասխանները, դրանից հետո այդ հարցում որոշակիություն կմտնի: