Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձու գնում են վստահելով

Տնտեսություն

Գնորդերը վստահում են վաճառողներին եւ ամենեւին չեն հետաքրքրվում վաճառվող ձվի որակով եւ դրա արտադրության ժամկետներով: Մինչդեռ սպառողների իրավունքներով շահագրգիռ կազմակերպությունները ահազանգում են, որ մի շարք խանութներում վաճառվող ձվերը մակնշված չեն եւ կասկածելի որակի են:

Երեւան քաղաքում «Ա1+»-ի շրջայցի ժամանակ պարզ դարձավ, որ իրոք վաճառվող ոչ բոլոր ձվերն են մակնշված: Ժամկետի մակնշում կար միայն «Արզնի» եւ «էկո» ընկերությունների արտադրած եւ «Լուսակերտի թռչնաֆաբրիկայի» դիետիկ ձվերի վրա: Մթերային խանութներից մեկի վաճառողի խոսքով, իրենք գերադասում են ձուն ստանալ ամեն օր` քիչ քանակությամբ: Այստեղ հաստատեցին, որ ձվի գինը նվազել է 5-15 դրամով: «Հիմա տաք է և գերադասում ենք շատ ձու չվերցնել: Իսկ ապրանքի որակը եւ պիտանելիությունը, անկախ արտադրողից, պարտադիր ստուգում ենք»,- «Ա1+»-ին ասաց վաճառողը եւ ավելացրեց, որ փչացած ձուն անմիջապես նկատելի է արկղը բացելիս. «Եվ գույնը այն չէ եւ հոտ է գալիս»:

Մեկ այլ խանութի վաճառող էլ` Գոհար Շահբազյանը, նշեց, որ նման հարցերում շատ ուշադիր է եւ չի եղել դեպք, որ գնորդները դժգոհեն: «Ուշադիր հետեւում եմ ձվի թարմությանը: Բացի այդ չեմ կարծում, որ մեր առաքիչները վատ ապրանք բերեն: Իհարկե, հիմա խանութում կա առանց ժամկետի մակնշման ձու, բայց դրա որակը վկայում է համապատասխան հաշիվ ֆակտուրան»,-ասաց նա:

Եթե վաճառողները հավատում են առաքիչներին, ապա հարցված քաղաքացիներն էլ իրենց հերթին հավատում են վաճառողներին:
«Չեմ հարցնում ձվի ժամկետը, եթե այն չի նշված, ստիպված վստահում եմ վաճառողներին: Մինչեւ օրս խնդիր չի եղել»,-«Ա1+»-ին ասաց գնորդներից Սուսաննան: Մեկ ուրիշն էլ` ապրանքագետ Վերա Սարգսյանը ընդգծեց, որ նման դեպքերում գերադասում է ձուն գնել տուփերով, որոնց վրա տեսել է մակնշում:

«Հատով ձվերի վրա ժամկետի մասին նշում չեմ տեսել: Բացի այդ, մենք կապ ունենք գյուղի հետ, որտեղից մեզ թարմ ձու են ուղակում: Դրա որակը համամատաբար լավն է, քանի որ հավերը թարմ կանաչի են ուտում»,-ասաց նա:

«Երեւանի թռչնաֆաբրիկայի» մարքեթինքգի բաժնի ղեկավար Գայանե Մաթեւոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ժամկետը մակնշում են միայն դիետիկ ձվերի վրա, իսկ մյուս ձվերի դեպքում` նշագրումը լինում է ընդհանուր տուփի վրա: «Ուղղակի պետք է տեսնենք, թե շուկայում ձեր տեսածը որքանով է համապատասխանում իրականությանը»,- ասաց նա, հետո հավելեց, որ հետեւողական կլինեն եւ թեկուզ վաղվանից էլ կառաքեն մակնշված ձվեր:
ԵԹՖ-ի մեկ այլ ներկայացուցիչ էլ «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ Զատիկից առաջ մակնշել են ձվերը, սակայն հետո խնդիրներ ունեցել:

«Պատճառը կապված է չվաճառված ձվի հետ: Բնակիչները գալիս տեսնում են, որ ձուն, ասենք, երկու օրվա է, այլեւս չեն գնում: Բայց հետո գնում այլ ընկերության ձու, որը կարող էր արտադրված լինել ավելի շուտ, սակայն առանց մակնշման է»,-ասաց նա: Ըստ նրա, որոշակի արդյունքի հասնելու համար հարկավոր է, որ մակնշումը միանշանակ կատարեն բոլոր ընկերությունները: ԵԹՖ ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ հիմա ձվի պահպանման ժամկետը մեկ ամիս է, իսկ շուկայում ձվի գնի նվազումը պայմանավորված է պահանջարկի նվազմամբ:

«Լուսակերտի թռչնաֆաբրիկայի» ձվի իրացման պատասխանատու Գրիգոր Հովսեփյանը «Ա1+»-ի հետ զրույցում հավատացրեց, որ առաջիկայում խանութներ կառաքեն արդեն մակնշված ձվեր:
«Գործընթացը ընթացքի մեջ է: Բանը նրանումն է, որ ընդհանուր շուկայում ոչ բոլոր ձվերն են, որ մակնշվում են, խնդիրը միայն մեզ մոտ չէ»,-ասաց նա:

Նշենք, որ «Սպառողների միություն» Հ/Կ նախագահ Աբգար Եղոյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հարցը բարձրացրել են դեռ սեպտեմբերին:

«Մենք վարչապետին նամակ էինք գրել խնդրելով ուսումնասիրել ոչ միայն ձվի արտադրության, այլև պաղպաղակների մակնշման հարցը, ինչպես նաեւ այն, որ վաճառվող հավի վրա գրվի դրա իրական քաշը: Շատ են եղել դեպքերը, երբ հավի հետ կշռվել է նաեւ որոշակի քանակությամբ սառույց, ինչը սպառողների շահերի ոտնահարում է:

Մեզ խոստացել էին բոլոր հարցերը ուսումնասիրել»,-ասաց նա: