Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուգանքները կավելացնեն

Տնտեսություն

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը ստորագրեցին փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր:

«Համաձայնագրի նպատակն է աջակցել մեր երկրում մրցակցային մշակույթի ձեւավորմանը եւ զարգացմանը»,- հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց Արտակ Շաբոյանը:

Ըստ նրա` իրենք չեն կարող արդյունավետորեն պայքարել մրցակցության ոլորտում առկա խնդիրների դեմ, քանի դեռ տնտեսվարողներից, սպառողներից չեն ստացվում համապատասխան ազդակներ: Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ իրենք կիրականացնեն մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են լինելու մրցակցության ոլորտում հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացմանը: Կայցելեն մարզեր, կհանդիպեն սպառողների, գործարար միջավայրի ներկայացուցիչների, կազմակերպությունների հետ եւ նրանց կբացատրեն մրցակության նշանակությունը:

Բացի այդ, մի շարք այլ ծրագրեր էլ են իրականացնում միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես նախաձեռնում են այդ ոլորտում օրենսդրական փոփոխություններ: «Օրենսդրական փոփոխությունները հիմնականում նպատակաուղղված են լինելու մրցակցության համար պատասխանատու մարմնի իրավակիրառման հնարավորությունների ուժեղացմանը եւ գործիքակազմի ընդլայնմանը»,- ասաց հանձնաժողովի նախագահը` ավելացնելով, որ նախատեսում են հակամրցակցային համաձայնության ու տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի չարաշահումների համար ամրագրված պատիժները խստացնել` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:

Սերգեյ Կապինոսի կարծիքով` տուգանքի չափը պետք է ոսկե միջին լինի. ոչ շատ քիչ, որ անարդյունավետ չլինի, ոչ էլ չափից շատ, որ չբերի բացասական հետեւանքի:

Ի դեպ, մինչ հանձնաժողովը տարբեր հուշագրեր է ստորագրում մրցակցության ոլորտում զարգացումներ արձանագրելու համար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը շարունակում է անտեսել հանձնաժողովի հանձնարարությունը:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 19-ին հանձնաժողովը ընկերությանը ընդհանուր առմամբ 2,5 մլն դրամ տուգանեց օղու շուկայում անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու համար: Օրինակ, հանձնաժողովի մասնագետները պարզել էին, որ ընկերության կողմից արտադրվող «Մեդոֆե» անվանումով օղու ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է բրիտանական «Մեդոֆֆ» անվանումով ապրանքային նշանին եւ այլն: Հանձնաժողովը հանձնարարեց այդ օղիների իրացումը դադարեցնել եւ հետագայում բացառել, սակայն այսօր էլ «Երեւան Սիթի» խանութների ցանցում կարելի է վաճառքում տեսնել այս օղիները:

Հանձնաժողովից հայտնեցին, որ վերոհիշյալ որոշմամբ ընկերությանը խախտումը վերացնելու համար տրվել է երկամսյա ժամկետ` հաշվի առնելով ապրանքը հանրապետության բոլոր առևտրի կետերից հավաքելու համար ողջամիտ ժամանակահատվածի անհրաժեշտությունը: Նշված ժամկետից հետո առևտրի որևէ կետում խախտումով իրացվող ապրանքի առկայունը կարող է դիտվել մրցակցության մասին օրենքի խախտում կամ Հանժնաժողովի որոշման չկատարում, որի համար ավելի խիստ տուգանք է սահմանված: