Պետք է հետաքննել, թե ովքեր են սաբոտաժ արել ՄՈԲ-ում և տարածել, որ հողերը ծախված են․ Հ․Խուրշուդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը չի հավատում, որ Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմը սանձազերծել էր առանց Ռուսաստանի հետ համաձայնության։
«Կար հստակ պայմանավորվածություն Թուրքիայի և ՌԴ-ի միջև, ինչը թույլ չտվեց, որ նրանք բախվեն, թույլ չտվեց, որ ՌԴ-ն որևէ կոշտ միջամտություն կիրառի հայկական կողմի օգտին՝ լինելով Հայաստանի դաշնակիցը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։
Հ․Խուրշուդյանը նաև գտնում է, որ հրադադարի հայտարարությունից անմիջապես հետո՝ նոյեմբերի 9-ի գիշերը Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունները՝ Ազգային ժողովի և կառավարության շենքերի վրա հարձակման, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունների վրա նույնպես ռուսական ազդեցություն կա։ Նրա կարծիքով ՌԴ-ն այդպիսով ցանկանում էր Հայաստանում հեղաշրջում իրականացնել, ինչը չստացվեց, քանի որ ժողովուրդը չկանգնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի կողքին։
Ավելին, Հ․Խուրշուդյանը համոզված է, որ եթե ՌԴ-ն այս պահին կարողանար պաշտոնանկ անել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, դա կաներ։ Պարզապես հիմա Արցախում դեռ չեն կարող ընտրություններ լինել։ Այդ պատճառով էլ փորձ է արվում ստեղծել ազգային համաձայնության իշխանություն։
Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձավ նաև պատերազմի ժամանակ բանակում, հատկապես ՄՈԲ-ում (մոբիլիզացիոն ռեսուրս) եղած անկազմակերպ վիճակին։ Նա գտնում է, որ դա միանշանակ պետք է դառնա հետաքննության առարկա, քանի որ դա կարող էր լինել «սաբոտաժի» հետևանք։ «Պետք է հետաքննել ու պարզել, թե ովքեր են սաբոտաժ արել, ովքեր են տարածել, թե հողերը ծախված են, իզուր եք կռվում»,- ասում է նա։
Անդրադառնալով գերիներին, Հ․Խուրշուդյանն ասաց, որ Ադրբեջանը նրանց ավելի հեշտությամբ կվերադարձնի, երբ հասկանա, որ այդ հարցն այլևս չի ազդում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։ Բացի այդ նա համոզված է, որ հայ գերիներին պահելով՝ Ադրբեջանը շուտով կենթարկվի միջազգային ճնշումների, քանի որ դա միջազգային հումանիտար իրավունքի խախտում է։
Մանրամասները՝ տեսանյութում