Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խլուրդները տանում են սերմնացուն (տեսանյութ)

Տնտեսություն

Այս տարի կարտոֆիլի բերքատվությունը պակասելու է 30 տոկոսով, իսկ գինը թանկանալու է նույնչափ: Պատճառներից հիմնականը խլուրդների ակտիվացումն է, որոնք հավաքում են սերմահումքը եւ թույլ չեն տալիս, որ այն աճի: Խլուրդները ակտիվացել են հատկապես Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Լոռու մի շարք բնակավայրերում:

Այդ մասին այսօր բարձրաձայնեց Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա` թունաքիմիկատները, որոնք օգտագործվում են կրծողների դեմ պայքարում, խլուրդների դեպքում անարդյունավետ են, քանի որ նրանք ունեն սուր հոտառություն եւ այդ հատվածներին չեն մոտենում: Միակ ելքը խորը վար անելն է, ինչը պետք է անեին մինչեւ հիմա:

«Այսպիսի վիճակ չի եղել: Եղել են խլուրդներ, սակայն բարենպաստ պայմաններ նրանց համար չի եղել, որ աճեն»,- ասաց Հրաչ Բերբերյանը` ավելացնելով, որ նրանց բազմացման հիմնական պատճառն այն է, որ այս տարի շատ հողակտորներ չեն մշակվում, գութան այնտեղ չի աշխատում, վար չի արվում եւ այդպիսով բարենպաստ պայմաններ են ստեղծվում կրծողների համար։
Բացի կարտոֆիլից, խլուրդների ակտիվացումը կխոչընդոտի նաեւ շաքարի ճակնդեղի զարգացմանը:

Կարտոֆիլի նվազման մյուս պատճառը այն է, որ գյուղացիները կարտոֆիլի դաշտերը փոխարինում են գարու արտերով` քիչ ծախսեր անելու համար:

«Ծանր տարի է գյուղացու համար: Ի վերջո գյուղատնտեսությունը արտադրություն է բաց երկնքի տակ: Բայց կան տեխնոլոգիաներ` հիվանդությունների դեմ պայքար, հակակարկտային համակարգ եւ այլն: Կարելի էր անել ժամանակին: Հիվանդությունների դեմ կարելի էր ժամանակին սրսկումներ անել, սակայն չարվեց, քանի որ մասնագետներ չկային, որ խորհուրդներ տային գյուղացուն` ինչ անել: Այստեղ դրված է բնագավառի ղեկավարների գիտելիքների հետ կապված պրոբլեմը»,- բողոքեց Հրաչ Բերբերյանը:

Ըստ նրա` գարնանացանի եռուզեռի շրջանում գյուղնախարարության աշխատակիցները պետք է տեղում լինեին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը երեկ նշել էր, թե կառավարությունը յուրաքանչյուր տարի 300 միլիոն դրամ է հատկացնում գյուղատնտեսության բնագավառում վնասատուների դեմ պայքարի համար եւ այն արդյունավետ է:

«Ես երեկ եկել եմ Ախուրյանից, իմ աչքով տեսածն եմ ձեզ ասում։ Սարատու գյուղում եմ եղել, Հոռոմում, փաստեր եմ ասում, այդպես չէ»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ 2009թ. կարտոֆիլի գինը տատանվում էր 90-100 դրամի սահմաններում, իսկ ներկայումս վաճառվում է 170 դրամով: