«Տարածքային ամբողջականության հարցը Ադրբեջանը լուծեց, իսկ ինքնորոշումն ո՞ւր կորավ». Էդվարդ Նալբանդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կային կասկածներ թե ինչքանո՞վ է հնարավոր պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք այլեւս անելիք չունեին, բայց շատ կարեւոր էր այդ ձեւաչափը պահպանելը: Շատ կարեւոր էր այն հայտարարությունը արտգործնախարարների մակարդակով, որ այդ ձեւաչափը պահպանվելու է: Կարեւոր էր նաեւ պահպանել ԵԱՀԿ առաքելությունը դեսպան Կասպրշիկի ղեկավարությամբ ու այդ հայտարարությամբ կար ամբողջական աջակցություն: Իսկ ինչ է մնում, գլխավորը ստատուսն է՝ Ղարաբաղի կարգավիճակը, որը փաստացիորեն չկա այդ հայտարարության մեջ: Հարցը բաց է եւ այն պետք է քննարկվի ապագայում»,- այսօր «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած կլոր սեղան քննարկմանն ասաց Մոսկվայում գտնվող ՄՄՀՊԻ – ի պատվավոր դոկտոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ միջանկյալ ժամանակավոր կարգավիճակը, որը պետք է տրվեր Ղարաբաղին, շատ կարեւոր, լուրջ կետ էր, որովհետեւ հարց է՝ ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ, ինչպես է կառավարվելու:
Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը պետք է տրամադրի անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ. «Միջանկյալ կարգավիճակը, որը բոլոր փաստաթղթերում կողմերը քննարկում էին, դա շատ լուրջ կետ էր, որտեղ նշվում էր, որ այդ ժամանակահատվածում Ղարաբաղը պետք է ձեւավորի իշխանության ճյուղերը, իրավապահ մարմինները, դատարաններ ձեւավորի, հնարավորություն ունենա միջազգային կազմակերպություններին անդամակցել, ուղիղ միջազգային ներդրումներ ստանալ, արտաքին շուկաներ դուրս գալ եւ այլն: Մի խումբ հարցեր են սրանք, իսկ ամենակարեւորը՝ ինչ է լինելու միջանկյալ ժամանակահատվածում անվտանգության հարցը»: