Հայ ըմբիշ Վազգեն Թևանյանի գոտեմարտը ճանաչվել է լավագույն, իսկ ադրբեջանցին բոյկոտել է մրցանակաբաշխությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան Բելգրադում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մրցումային 7-րդ օրվա լավագույն գոտեմարտ է ճանաչել Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանի եզրափակիչ մրցամարտը: Մեր 65 կգ քաշային ըմբիշն այդ մրցամարտում 9:1 հաշվով հաղթել էր Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևին:
Ի դեպ, այդ քաշային կարգի մրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ: Մրցանակային 3-րդ տեղը գրաված Հաջի Ալիևը չէր ներկայացել մեդալների հանձման արարողությանը՝ իր տեղն ուղարկելով թիմի բժշկին: Թե ինչի հետ էր կապված ադրբեջանցի ըմբիշի նման վերաբերմունքը, դժվար չի կռահել:
Բանն այն է, որ ոչ միայն Վազգեն Թևանյանի պատվին հնչելու էր Հայաստանի օրհներգը և բարձրացվելու էր մեր եռագույնը, այլ նաև պատվո պատվանդանի նույն հարթակին նա պետք է կանգներ Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Հովհաննիսյանի կողքին, ինչը, հավանաբար, հոգեբանորեն ազդել է ադրբեջանցի մարզիկի վրա: