Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff
A A
Սպորտ

ՀՖՖ ժողովը դեմ է քվեարկել պայմանավորված խաղերում կասկածվող ակումբների կասեցմանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացել է ՀՖՖ 20-րդ հերթական ժողովը:

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, օրակարգում ընդգրկված է եղել 19 հարց: Մասնավորապես՝ օրակարգի 7-րդ հարցը նվիրված է եղել ՀՖՖ Գործկոմի կողմից կասեցված անդամների՝ «Լոկոմոտիվ ՖԱ» ՀԿ, «Արագած ՖԱ» ՀԿ, «Տորպեդո ՖԱ» ՍՊԸ ՀՖՖ անդամության կասեցմանը: Ֆուտբոլային այդ ակումբները կասկածվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Սակայն, ժողովի պատվիրակները դեմ են քվեարկել այդ կասեցմանը: 

 ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է իր հաշվետվությունը: Դրանից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները քվեարկել են ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2019 թ.) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ՀՖՖ հաջորդ ֆինանսական տարվա (2021 թ.) բյուջեի հաստատման և անկախ աուդիտորի նշանակման օգտին: 

 

Օրակարգի վերջին հարցերով ՀՖՖ ժողովի պատվիրակները դեմ են քվեարկել ֆեդերացիայի նոր խմբագրությամբ Կանոնադրության ու ընտրական կարգի հաստատմանը, սակայն կողմ են եղել ՀՖՖ ընտրական կոմիտեի կազմի ձևավորմանը, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահի/փոխնախագահի, ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի անդամի, ՀՖՖ Աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահի/անդամների նշանակմանը, «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության» հիմնադրամի ստեղծմանը:

 

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-ին ՀՖՖ կարգապահական կոմիտեն կարգապահական վարույթ էր սկսել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու համար: Նշենք, որ «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն հանդիսացել ՀՖՖ անդամ: