Լևոն Արոնյանը մտավ արագ շախմատի Airthings Masters մրցաշարի փլեյ-օֆֆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հանդես կգա առցանց անցկացվող արագ շախմատի Airthings Masters մրցաշարի փլեյ-օֆֆում:
Այսօր կայացած ընտրական մրցաշարի վերջին երեք տուրերում մեր շախմատիստը նախ ոչ-ոքի խաղաց հնդիկ Պենտալա Հարիքրիշնայի և ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ, ապա պարտվեց իսպանացի Դավիդ Գուխարոյին:
Լևոն Արոնյանը 11 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և զբաղեցրեց 6-րդ տեղը, ինչը թույլ տվեց շարունակելու պայքարը 1/4 եզրափակիչում, քանի որ փլեյ-օֆֆ մտան առաջին ութ տեղերը զբաղեցնող շախմատիստները:
Ընտրական փուլի հաղթող ճանաչվեցին միանգամից երեք շախմատիստներ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը և ամերիկացիներ Վեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, որոնք վաստակեցին 6,5-ական միավոր:
Քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը կհանդիպի Հիկարու Նակամուրայի հետ: Այդ փուլի արգելքը հաղթահարելու դեպքում մեր շախմատիստը կիսաեզրափակիչում կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Վեսլի Սո զույգի հաղթողի հետ: Քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 29-ին և 30-ին: