Օրակարգում` ՀՀ-ԵՄ առեւտրային հարցերը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր` հունիսի 16-ին, Երևանում կկայանա ՀՀ-ԵՄ համագործակցության առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական` իններորդ նիստը:
Նիստի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը` հայկական կողմից, Եվրահանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության "Եվրոպայի (ոչ ԵՄ) և Կենտրոնական Ասիայի" վարչության պետի տեղակալ Ֆիլիպ Քյուիսոնը` Եվրոպական միության կողմից:
Ենթակոմիտեի նիստի ընթացքում կողմերը կքննարկեն օրակարգում ընդգրկված հարցեր, այդ թվում` մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, ՀՀ-ԵՄ առևտրային հարցեր` երկկողմ առևտրային հարաբերությունների վերջին զարգացումները, ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածք հիմնելու հնարավորությունները, ստանդարտացում, տեխնիկական կանոնակարգեր և համապատասխանության հավաստում, սանիտարական և բուսասանիտարական չափանիշներ, մտավոր սեփականություն, հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցեր: Նիստի ընթացքում կքննարկվեն նաև առևտրին առնչվող ԵՄ տեխնիկական աջակցությունը Հայաստանին, ներառյալ` Պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրի (CIB) նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր /ԳՀՀ/, որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։
Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի առաջին նիստի ընթացքում, Համագործակցության կոմիտեի ընթացակարգի կանոնների 10-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացվել ստեղծել Առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտե։ Ենթակոմիտեի նիստերը տեղի են ունենում ըստ նախնական պայմանավորվածության կամ կողմերից մեկի` նիստն անցկացնելու հրատապ առաջարկության դեպքում։ Ենթակոմիտեի նիստերի ընթացքում, որպես կանոն, քննարկվում են տնտեսական և իրավական համագործակցությանն ուղղված հիմնահարցեր։ Ենթակոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում` 2000 թվականի հուլիսի 18-ին: