Բ.Ասատրյան. «Աճը չենք զգա»
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային վիճակագրական ծառայությունը գրանցել է տնտեսական աճ, սակայն Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ նախաճգնաժամային մակարդակը դեռ չենք վերականգնել:
Ըստ նրա` անցած տարվա 5 ամիսների կտրվածքով անկումը կազմել էր 15-16 տոկոս, այս տարվա ընդամենը 8.8 տոկոս աճը դեռ չի հատուցում այդ ամենը:
Բացի այդ. «ՀՀ քաղաքացիներս 1/10-րդով ավելի լա՞վ ենք ապրում: Այստեղ պատասխանը միանշանակ ոչ է: Սա մեր տնտեսության առանձնահատկությունն է: Ինչպես նախորդ տարի տնտեսական անկման հետեւանքները այդքան ծանր մենք չզգացինք, այնպես էլ, ցավոք, այս տարի աճը չենք զգա»,- հարց է հնչեցնում տնտեսագետը:
Հարցին,թե ինչի հետեւանք է այն, որ տնտեսության աճի պայմաններում երկրում դեռ կան գործազուրկներ, նա պատասխանեց, թե գործազուրկների իրական հաշվառում մեզ մոտ ընդհանրապես գոյություն չունի: Նա վստահ է, որ Հայաստանում գործազրկությունը պաշտոնական հրապարակված թվերից 4 անգամ ավելի մեծ թիվ է: Նա օրինակ բերեց Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից, որտեղ գործազրկության մակարդակը շուրջ 30 տոկոս էր նշվում:
Կառավարությունը վերջին շրջանում խոսում էր այն մասին, թե պետք է գնալով նվազեցնել շինարարության տեսակարար կշիռը, մինչդեռ վերջին երկու ամիսներին այն կրկին աճում է 8.8, 12.5 տոկոսներով:
Չի՞ նշանակում, որ շինարարությունը դառնում է տնտեսության շարժիչ ուժը` հարցին տնտեսագետը նկատեց, թե մեր տիպի երկրներում շինարարությունը որոշիչ կարող է լինել տնտեսության զարգացման համար, բայց. «Երբ մտնում ես, ֆիզիկական ծավալներն ես գնահատում, խայտառակ վիճակում է»:
«Անցած տարի փորձեցի գնահատական տալ: Հայաստանում մինչեւ ճգնաժամը տարեկան շահագործման էր հանձնվում 2000 բնակարան, իսկ մեր բնակֆոնդը 700 000 է կազմում: Այսինքն, պարզ վերարտադրության համար 400 տարի է պետք: Անհեթեթություն է, անգամ մեր բնական վերարտադրությունը չենք ապահովում»,- ասաց նա:
Ի դեպ, այն տեսակետը, թե ճգնաժամի երկրորդ ալիք է սպասվում, Բագրատ Ասատրյանը չի ընդունում. «Այո, կար համաշխարհային ճգնաժամ, որը Հայաստանի վրայով էլ անցավ: Հիմա կա Եվրամիության անդամ երկրներում պրոբլեմներ, որը չէի անվանի ճգնաժամ: Կան խնդիրներ պետական ֆինանսների բնագավառում: Սա իր ազդեցությունը կթողնի՞ տնտեսության վրա, ես պատասխան չունեմ: Համենայնդեպս, եվրագոտու անդամ երկրների տնտեսությունները աճում են»: