Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատախազն իր սեւ գործն է անում»

Տնտեսություն

«Երեւանի ժամացույցի» գործարան ԲԲ ընկերության նկատմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը բացահայտ անօրինական հետապնդումների փորձ է իրականացնում: Այս մասին այսօր ահազանգել գործարանի տնօրենների խորհրդի նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ըստ Զոհրաբյանի` դատախազը դուրս գալով իր լիազորություններից` պահանջել է դատախազությանը տրամադրել գործարանի տարածքում գտնվող և վարձակալության հիմունքներով տրամադրված կազմակերպությունների տվյալները և ցանկը:

«Երեւանի ժամացույցի գործարանը» մերժել է դատախազի դիմումը:««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի կանոնակարգման լույսի ներքո «Երևանի ժամացույցի» գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը համարվում է առևտրային կազմակերպություն, որը ներառված չէ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասում թվարկված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ոչ ռևտրային կազմակերպությունների ցանկում»,-ասված մերժման պատճառաբանության մեջ:

Արա Զոհրաբյանը հանդիպել է դատախազի հետ եւ պարզել, որ դատախազը այս ուսումնասիրությունն իբր իրականացնում է այն պատճառով, որ տարածքի վարձակալության պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստանում, ինչով նոտարներին չի վճարվում պետական տուրքի գումարը և պետությունն էլ իբր վնաս է կրում: «Այդ բոլոր պայմանագրերի մասին տեղեկացված է հարկային մարմինը և Ընկերությունը այդ բոլոր պայմանագրերով վճարում է հարկերը: Պայմանագրի նոտարական վավերացում չկատարելը դա միայն կողմերի ռիսկն է»,- ասում է Արա Զոհրաբյանը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին Արա Զոհրաբյանի բացատրությունները չեն բավարարել: Զոհրաբյանը հայտնում է, որ դատախազը փորձել է նույն տեղեկությունները ստանալ նաև ՀՀ ոստիկանության համապատասխան բաժանմունքի միջոցով, սակայն Ընկերությունը չի տրամադրել դրանք: Դատախազությունը դիմել է նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին, իսկ ՊԵԿ-ի տարածքային տեսչությունն էլ` Ընկերությանը և պահանջվող տեղեկությունները տրամադրվել են հարկային մարմնին:

«Այսքանից հետո դատախազը շարունակում է իր «սև գործը» հիմա էլ Բաղդասարյան անունով անձի միջոցով հրավիրում են Ընկերության բոլոր վարձակալներին` իրենց հաշվապահական փաստաթղթերով` չհայտնելով թե կոնկրետ ինչ գործով են կանչում: Ընդ որում, երբ փաստաբանը հետաքրքրվել է Բաղդասարյանից վերջինս հրաժարվել է զրուցել այդ թեմայով»,- ասում է Զոհրաբյանը:

Տեղի ունեցածի մասին Զոհրաբյանը գրավոր ներկայացրել է Սերժ Սարգսյանին, եւ համապատասխան բոլոր մարմինների ղեկավարներին:
Իսկ ՀՀ գլխավոր դատախազից Զոհրաբյանը պահանջում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի անօրինական գործողությունները կանխել: