Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էներգետիկայի նախարար.«Մի բան սխալ ասած կա՞մ»

Տնտեսություն

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վստահեցնում է, որ դեռ պարզ չէ` Սյունիքում կա՞ ուրան, թե ոչ: Այդ պատճառով ըստ նրա` բնապահպանական ՀԿ-ներն իրենց գործողություններում «մի քանի քայլ առաջ են ընկել նրանից, քան այն, ինչ արվում է»:

Բնապահպաններն ահազանգում են, որ ուրանի հնարավոր պաշարների հայտնաբերումն ու առավել եւս դրանց շահագործումը մեծ չարիք կդառնա թե բնապահպանական, թե առողջապահական տեսանկյուններից:

Նախարար Մովսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձեց մեղմել այդ անհանգստությունները` նշելով, որ ուրանի դեռ միայն ուսումնասիրություններ են ընթանում, իսկ շահագործման թույլտվություն կլինի միայն տեխնոլոգիական, բնապահպանական փորձաքննությունից հետո. «Ուրանի շահագործումը կախված է, թե ինչ ծավալներ կհայտնաբերվեն: Միգուցե այնպիսի ծավալ լինի, որը հանելն այսօր կնստի կրկնակի, եռակի թանկ, քան դրսից բերելը»:

Ի դեպ, ուսումնասիրությունները շարունակվելու են առաջիկա 2 տարում: Սյունիքում ուրանի հնարավոր պաշարների որոնողական եւ ուսումնասիրման աշխատանքները կատարում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը», իսկ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ապահովելու է ծրագրի անվտանգությունը:

Նախարարը սխալ համարեց այն տեղեկությունները, թե պաշտոնական տվյալներով Հայաստանում 30 հազար տոննա ուրան կա. «Ես ձեզ այսքան ժամանակ ինչ ասել եմ, մի բան սխալ ասած կա՞մ: Հիմա նույն կերպ ասում եմ` Խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում եղել են ուրանի միայն երեւակումներ, սակայն հաստատված պաշարներ, որ հանք կոչվի, չի եղել: Եթե լիներ, էլ ինչո՞ւ էինք նորից ուսումնասիրելու, միանգամից կօգտագործեինք»:

Այդ պատճառով բնապահպանական ՀԿ-երի աղմուկը նա համարեց պոպուլիստական. «Ես ինքս Կապանից եմ, ես շատ լավ գիտեմ խնդիրները: Ինձ այդ հարցն ավելի շատ է ցավ տալիս, քան ձեզնից որեւիցե մեկին, բայց մի հարց է, երբ ուրանը ճիշտ ձեւով չենք շահագործում, այլ հարց է երբ այդ ամենը բերում ենք ճիշտ դաշտի վրա: Այդ բնապահպաններից կարո՞ղ եք մատների վրա հաշվել, թե քանի հոգի են Սյունիքից, երբ այնտեղի դարդ ու ցավից են խոսում»:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ ուրանի շահագործման դեպքում կվարակվեն ստորգետնյա ջրերը, Արմեն Մովսիսյանը նշեց. «Այնտեղ, որտեղ ուրան են ուսումնասիրում, զերծ է ստորգետնյա ջրերից: Սյունիքում ինչ խորության էլ ծակեն, երբեք ջրի չեն հանդիպի: Հանքարդյունահանման նպատակներով ծակում են մինչեւ 1500-2000 մետր ու այնտեղ ջուր չկա: Բա ո՞ւր են այդ ջրերը: Դրանք քամվում են ու ամենացածր կետով հոսում, գնում են»: