Մենք արժանի հաղթանակ տարանք. Հենրիխ Մխիթարյան
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսպես է մեկնաբանել «Վերոնայի» նկատմամբ տարած վստահ հաղթանակը (3:1): Երկրորդ գոլը դիպուկ հարվածով խփել է հենց մեր ֆուտբոլիստը:
«Մենք գիտեինք, որ մեզ դժվար խաղ է սպասվում, սակայն պատրաստ էինք դրան: Մենք լավ էինք ուսումնասիրել մրցակցի խաղը և արժանի հաղթանակ տարանք: Առաջին խաղակեսը ֆանտաստիկ ստացվեց: Երկրորդում նույնպես կարող էինք գոլ խփել, բայց չստացվեց, իսկ երբ գնդակ բաց թողեցինք, մի քիչ խնդիրներ առաջացան:
Այսօր «Ռոման» ցույց տվեց, որ արժանի է 3-րդ տեղին: Ամեն խաղում ձգտում ենք հաղթանակի, քանի որ մեր նպատակն է զբաղեցնել բարձր տեղեր: Հեշտ խաղեր չեն լինում, պետք է պայքարել: Մեզ հատկապես բարդ հանդիպում է սպասվում Թուրինում, «Յուվենթուսի» դեմ: Մրցակիցը շատ ուժեղ թիմ է և նրա հետ խաղերը սկզբունքային են «Ռոմայի» համար: Մենք ժամանակ ունենք այդ խաղին պատրաստվելու համար», - ասել է Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նշենք, որ «Ռոման» այդ հաղթանակից հետո վաստակել է 40 միավոր և բարձրացել 3-րդ հորիզոնական: Նրան հաջորդում է հենց «Յուվենթուսը», որն ունի 39 միավոր, բացի այդ մեկ հանդիպում քիչ է անցկացրել: