Ավելի քան 15 մլրդի պետական աջակցություն է ցուցաբերվել Արցախի բնակչությանը․ նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վստահեցնում եմ, որ հետպատերազմյան Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա», - ԱԺ Արտահերթ նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով, դա փաստում է այն, որ Արցախում մնացել էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր բնակչության թիվը հարյուր հազարից ավելի է։ Բոլոր այն քաղաքացիները, որ ունեն այնտեղ բնակության վայր, արդեն վերադարձել են։ Իսկ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից արդեն 5000-ից ավելի քաղաքացի է վերադարձել Արցախի հայկական տարածքներ․
«Մեր Կառավարությունն ուղղակի ֆինանսավորմամբ ավելի քան 15 մլրդի աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը, որն ավելին է, քան Հայաստանում գործող որևէ սոցիալական աջակցություն», - ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Հետպատերազմյան շրջանում, նախարարի խոսքով, Արցախի բյուջեում եկամուտների էական փոփոխություններ են տեղի ունեցել, եկամուտները նվազել են մոտ 50 մլրդ-ով, որն ամբողջությամբ փոխհատուցվելու է ՀՀ կողմից ֆինանսավորման միջոցով։ Բացի դրանից, արդեն կատարվել են հատկացումներ Արցախում կենսաթոշակների ու պետական աշխատողների աշխատավարձերի վճարումներն իրականացնելու համար։
Արցախի Կառավարության հետ համատեղ, նա նշեց, որ իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ բնակիչների կյանքը բարելավելու համար։ Մասնավորապես, հունվար ամսից սկսած՝ 6 ամիս ժամկետով փոխհատուցվելու է եկամտային հարկն ամբողջությամբ․
«Այս պահին Արցախի կորցրած տարածքներից մոտ 20 հազարից ավելի քաղաքացիներ ժամանակավոր բնակվում են ՀՀ տարածքում։ Բայց կարող եմ փաստել, որ պատերազմի առաջին օրվանից սկսած չկա մի արցախցի, որ չունենա ժամանակավոր կացարան։ Եթե նույնիսկ լինում են դեպքեր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի համապատասխան կառույցներ, որտեղ ապահովում ենք ժամանակավոր կացարաններով», - ասաց նա։
Նախարարը ներկայացրեց նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում և «Պետական կենսաթոշակներ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնց նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում Կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է․
«Կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա», - ասաց նա։