Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Հայաստանում որպես առաջին պատվաստանյութ կներկայացվի անգլիական AstraZeneca-ն» (տեսանյութ)

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների առաջին փուլը կսկսվի մարտ ամսից, որպես առաջին պատվաստանյութ կներկայացվի անգլիական AstraZeneca-ն։ Այս  մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը։

Արդեն նախնական ընտրված են  այն խմբերը, որոնք առաջինը կպատվաստվեն։  Դրանք ռիսկային խմբերն են՝ մասնավորապես բուժանձնակազմը, 65+ տարիքային խումբը, 16-64 տարեկան այն անձինք, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ և երկարատև խնամքի կենտրոններում աշխատողները։

Պատվաստանյութը ռիսկի խմբերի համար կլինի անվճար, իսկ մյուսների համար դեռ որևէ մոտեցում չկա։

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝  այն քանակը, որը սկզբում սկսվելու է, լինելու է անվճար  ռիսկային խմբերի համար, իսկ մնացածի հետ կապված նախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի։

Մասնագետները դժվարանում են պատասխանել այն հարցին, թե ինչքա՞ն ժամանակ է պատվաստանյութն օգնում չվարակվել կամ արդյոք այն ամբողջ կյանքի համար է, թե ոչ․ «Պատվաստումները դեռ մի քանի ամիս են, թե ինչքան կլինի նրանցից հետո առաջացած հետպատվաստումային իմունիտետը, դա ժամանակը ցույց կտա։ Տևողության մասին կարող ենք ասել որոշ ժամանակ անց»,-պարզաբանում է Մերի Տեր-Ստեփանյանը։

Եթե մարդն ունի ալերգիկ ռեակցիա, նա չի պատվաստվի կորոնավիրուսի դեմ։  Իսկ կպատվաստվեն արդյո՞ք  կորոնավիրուսով վարակվածները․ «Մենք չգիտենք, թե ինչքան է տևում հետինֆոկցիոն իմունիտետը։ Դեռ չունենք ապացուցողական փորձ։ Ճիշտ է, որ այն մարդիկ, ովքեր արդեն հիվանդացել են, պատվաստվեն»։

Ի դեպ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնն այսօր հաղորդագրություն է տարածել, թե  AstraZeneca-ն առաջին պատվաստանյութն է, որի համար փաստվել է, որ վերջինս էապես դանդաղեցնում է վիրուսի փոխանցումը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ պատվաստանյութն ավելի արդյունավետ է, եթե երկու դեղաչափերի միջև ինտերվալը չորս շաբաթից ավել է:

Հետազոտությունը նաև փաստում է, որ պատվաստանյութը կարող է էական պաշտպանություն առաջացնել մեկ դեղաչափից հետո՝ ըստ գնահատումների ապահովելով մոտ 76% արդյունավետություն առաջին դեղաչափին հաջորդող երեք ամիսների ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում