Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նման ֆեյքերի գրառումները` հայհոյախառն, զզվելի, ո՞ւմ օգտին են աշխատում․Բեքարյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց։  Դատավոր Վարդան Գրիգորյանը որոշում է կայացրել մերժել ԱԱԾ-ի ներկայացրած`խափանման միջոցը կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Կարեն Բեքարյանը հայտարարեց՝ նախաքննության պրոցեսը, հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն․

«Երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ինչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն, շատ պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է»,-նշեց Բեքարյանը ՝ նշելով, թե հույս ունեցել է, որ դատարանում արդար քննության տարբերակ կլինի։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Բեքարյանը պարզաբանեց․ 

«Տարիների ընթացքում Ադրբեջանը հայաստանյան IP-ների նկատմամբ սահմանափակման քաղաքականություն է կիրառել։ Այսինքն՝ եղել է ժամանակահատված, երբ ցանկացած ադրբեջանական ռեսուրս մուտք գործելու պարագայում մեր IP-ները փակված են եղել, եղել են ժամանակահատվածներ, որ որոշակի ընտրանքով են թույլատրել, հետևաբար՝ եթե դու ուզում ես հասկանալ գործընթացները Ադրբեջանում, վերլուծել, դու չես կարող այդ ինֆորմացիային չտիրապետել։ Երբ իմացա, որ կա համակարգ, որը հնարավորություն է տալիս այդ արգելքը շրջանցելու, այսինքն` ադրբեջանական կողմը չի տեսնում, որ իր մոտ մուտք գործողը հայասատնյան IP է, դրանից օգտվել եմ։ Ես այստեղ որևէ արհեստական բան չեմ տեսնում»,–ասաց Բեքարյանը։

Ըստ Բեքարյանի՝ այս ամբողջ գործընթացի մեջ 2 հարց կա` այն, որ ինքը ճանաչում է Արա Սաղաթելյանին, և այն, որ օգտագործել է VPN համակարգ։

Ինչ վերաբերում է գործով կալանավորված Արամ Սարգսյանին` Բեքարյանը պատասխանեց, որ Արամ անունով շատ  ծանոթներ ունի, սակայն դեռ չի իդենտիֆիկացրել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։

Բեքարյանը շեշետեց՝  իր նկատմամբ միանշանակ քաղաքական հետապնդում է համարում,  նրա խոսքով՝  2 տարուց ավելի  քաղաքակիրթ հասանելի, ընկալելի  բառերով հանրությանը ներկայացնում է` որտեղից ուր ենք գնում․

«Ձեզ մեկ հարց եմ ուզում տալ. նման ֆեյքերի գրառումները` հայհոյախառն, զզվելի, ո՞ւմ օգտին են աշխատում` իմ ու իմ թիմակիցների՞, թե՞ լրիվ ընդհակառակը։ Եվս մեկ հարց` ես երբևէ որևէ գործիքի պակա՞ս եմ զգացել իմ մոտեցումները հանրությանը ներկայացնելու»,–ասաց նա։

Հիշեցնենք՝ Կարեն Բեքարյանն ԱԱԾ-ի կողմից բերման էր ենթարկվել և ձերբակալվել դեռ փետրվարի 19-ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Մասնավորապես, քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Նույն գործով բերման էր ենթարկվել նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ում երեկ 2 ամիս ժամկետով կալանավորեցին։ Այս գործի շրջանակներում ևս երկու բերման ենթարկվածներ կային` քաղաքացիներ Մհեր Ավագյանը, որը երեկ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, և Արամ Սարգսյանը, որին էլ կալանավորելու որոշում կայացվեց։