Մարտի դաշտում չկան Ֆեյսբուք ու սիրուն հագուստ, կա ընկերություն. Հայկ Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին««Մի ձայն»-ը համերգ է, որ ներկայացման դրամատուրգիայի տրամաբանությամբ է գրված և ունի ասելիք, ունի հարցադրումներ, որ տրվում են իմ հեղինակային երգերում»,- ասում է դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը և որպես օրինակ բերում «Որ սարերում, որ ձորերում» երգը.
«…մարտական իմ ազատ, հարազատ եղբայր, դու տուր պատասխանը հարցիս արդար: Մի՞թե թողինք երազն ու խիղճը մեր, մեր սարերում, մեր ձորերում»:
Հայկի հետ «Ա1+»-ը զրուցեց մենահամերգից առաջ:
Հայկի խոսքով, մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը, որին նա որպես կամավոր մասնակցել է, իր երգերն ավելի ռոմանտիկ էին, հումորային: Այս երգերը ցասումից, զայրութից, հույսից ու սիրուց ծնված երգեր են և մաքսիմալ անկեղծ են:
«Պատերազմական դաժանությանը զուգահեռ ապրում է ամենագեղեցիկը՝ ամենանվիրական ընկերությունը, ամենանվիրական սերը դեպի հայրենիքը, այնտեղ չկա Ֆեյսբուք, չկան գեղեցիկ հագուստներ, չկա փող, և մարդիկ տեսնում ու ճանաչում են իրար արարքներով և հոգևոր արժեքներով… մի լուսավոր բան կար այդ ամենի մեջ, որ ապրում էր ամենադաժան պայմաններին զուգահեռ ու միաժամանակ: Հիմա հանուն գոյության, հանուն կյանքի, մեր սիրելիների, մեր ծնողների, երեխաների պետք է կարողանանք վախերը հաղթահարել: Ինչպես ասում էր մեր հրամանատարը՝ վախը դարձրեք ձեզ ընկեր ու խորհրդատու: Մենք պետք է պինդ լինենք, մեզ պաշտպանենք: Մնացածը թողնենք Աստծուն»: