Դուք տեղերում ընդհանրապես տեղյակ չեք՝ իրականում ինչ է կատարվում․ Արման Բաբաջանյանը՝ Հովակիմյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես հեռու եմ այն մտքից, որ մեզ հաջողվելու է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնել», - այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նիստում այսօր քննարկվում էին «Քրեական օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» և «Քաղաքացիության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու փաթեթը և «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագիծը։
Բաբաջանյանը հարց ուղղեց զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին` շեշտելով, որ արդյո՞ք նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրելու փոխարեն փոփոխությունների փաթեթը չի ուղարկի Սահմանադրական դատարան՝ անճշտությունները վերացնելու համար և հնարավոր չէ՞ր նախօրոք նրա հետ համաձայնեցնել և հավաստիանալ, որ այս փաթեթը արագ կստորագրվի և ընտրություններից առաջ ժամկետների խնդիր չի առաջանա։
Հովակիմյանը պատասխանեց, որ չի կիսում Արման Բաբաջանյանի «պեսիմիզմն» ու համոզված է, որ հաջողվելու է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել:
«Մենք թույլ չենք տալու, որ որևէ մեկն իր կեղտոտ ձեռքերով փորձի ցեխ շպրտել մեր ընտրական համակարգի կայունացման, հզորացման վրա։ Այն նախադեպը, որ ստեղծվել է Հայաստանում 2018 թվականին՝ ազատ, արդար ընտրություն կատարելու վերաբերյալ, պիտի շարունակվի», - ասաց նա։
Արման Բաբաջանյանն արձագանքեց, որ իր հիմնական հարցն այլ էր, սակայն ընտրությունների վերաբերյալ նա ոչ թե պեսիմիզմով է առաջ շարժվում, այլ ավելի իրատեսական կարծիք ունի․ «Դուք տեղերում ընդհանրապես տեղյակ չեք, թե ինչ է կատարվում և չգիտեք՝ որքանով են ձեր քաղաքական կամքից բխող իրավապահ համակարգի գործողություններն անհամարժեք և անկարող բոլոր այն մարտահրավերներին, որ արդեն առկա են և որոնք արդեն մեծապես ստվեր են գցում ընտրական պրոցեսի վրա», - ասաց Բաբաջանյանը։