Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ է մրցակից համարում՝ ամբաստանյալ Քոչարյանի՞ն, մեղադրյալ Ծառուկյանի՞ն․ Ն․Նորիկյան (տեսանյութ)

«Ընտրություններին ո՞ւմ դեմ է պայքարելու Նիկոլ Փաշինյանը։ Ինձ համար անհասկանալի է, թե նա իր համար ում է մրցակից համարում։ Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի՞ն, մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի՞ն։ Արդյոք սա այնպիսի ընտրություն է, որտեղ գիտակցված ընտրական միջավայր է ձևավորվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Փաստաբանը նաև հարց է բարձրացնում, թե այդ գործիչներն ու նրանց սատարող ուժերը և ընդհանրապես ողջ նախկին իշխանությունները ինչու պիտի կենսունակ լինեին, քաղաքական օրակարգ ձևավորող սուբյեկտներ լինեին և ոչ թե պատասխանատվության ենթարկվեին․ «Ընդհանրապես, ինչո՞ւ պետք է մեր վզին փաթաթված լինեին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մնացած բոլորը, ովքեր մսխել էին մեր պետականությունը։ Չէ որ նրանք եկել էին իշխանության ՀՀ-ում քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը ջարդելու, թալանչիներին պատժելու և պետությունից ու հասարակությունից թալանածը վերադարձնելու համար»։

Ն․Նորիկյանը նաև հարցնում է՝ եթե Հայաստանում քաղաքական կոռուպցիա չկա, ինչու են քաղաքական դաշտում շարունակում գործել և ընտրությունների մասնակցել այնպիսի կուսակցություններ, որոնք մեղադրվում են ընտրակեղծիքների մեջ։ Եվ հավելում է, թե անկախ ՀՀ պատմության մեջ դեռ որևէ մեկը չի պատժվել ընտրակեղծարարության համար։

Անդրադառնալով այն խնդրին, թե տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները պատասխանատվություն չեն կրում, քանի որ այդպիսի որոշումներ են կայացնում դատարանները, ասում է, որ Հայաստանի բոլոր դատավորներին անխտիր կարող էին փոխել մեկ գիշերում։

«Եվ չասեք, թե մասնագետներ չկան։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 2018թ․ ապրիլի 23-ի դրությամբ գործող օրենսդրությունը լիուլի բավարար էր ՀՀ-ում բոլոր հանցագործներին պատժելու համար։  Չենք արել և այսօր տարբեր արդարացումներ ենք ման գալիս»,- ասում է Ն․Նորիկյանը։

Վերջինս նաև հիշեցնում է, որ հրապարակել է բոլոր հետախուզվողների ու «քրեական հետապնդվողների» ցանկը․ «Անուն-ազգանունները կարդում ենք, և սարսուռ է անցնում մարդու մարմնով։ Այդքան մարդիկ կարողացան փախչել Հայաստանից և խուսափել արդարադատությունից»։

Մանրամասները՝ տեսանյութում