Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Երբ որոշ սրճարաններ քանդում էին, ասացի, որ դա կընդունեմ, երբ Սպենդիարյանի շիրիմն ազատ կտեսնեմ»․ Մարկ Գրիգորյան (տեսանյութ)

Այս տարի կնշվի Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը: Ծրագրերը բազմաթիվ են՝ համերգներ, գիտաժողովներ, հրատարակչական աշխատանք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Ալեքսանդր Սպենդիարյանի  տուն-թանգարանը պատրաստում է պատկերագիրք և ձայնասկավառակ: Կոմպոզիտորի ստեղծագործությունների ձայնագրությունը կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, իսկ պատկերագրքի աշխատանքները՝ թանգարանի գիտական կազմը: 

«Ամենատարբեր արխիվներում և ֆոնդերում պահվող կոմպոզիտորին և նրա գործունեությանը նվիրված գեթ մեկ նմուշ ամբողջանալու են այս պատկերագրքում»,- ասաց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Ծրագրեր կիրականացվեն նաև կոմպոզիտորի ծննդավայրում՝ Ղրիմում, Թբիլիսիում՝ Թումանյանի տուն-թանգարանի հետ համատեղ, նաև Լոնդոնում և Մոսկվայում՝ դեսպանատանը: 

Իսկ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կազմակերպել էին կոմպոզիտորի հիշատակի օրվան նվիրված արդեն ավանդույթ դարձած վարդատունկ: 

1928 թվականի մայիսի 7-ին, Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ  Սպենդիարյանի աճյունն ամփոփվեց ճարտարապետի նախագծով կառուցվող՝ այն ժամանակ դեռ Ժողտան, այնուհետ Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում: Թամանյանն անձամբ էր խնամում շիրիմը և անձնական ծախսերով էր հոգում շիրիմի մոտ ծաղիկների աճեցումն ու խնամքը: 

«Ալեքսանդր Սպենդիարյանը մի ամբողջ ուղղություն է ստեղծել հայ երաժշտարվեստում և ցավալի է, որ սկսել ենք քիչ հիշատակել, ես կասեի անգամ՝ երբեմն մոռանում ենք: Այսօրվա խորհուրդը կարևոր է նրանով, որ մենք մեկ անգամ ևս հանրության ուշադրությունը բերենք կոմպոզիտորի շիրիմին, որը շրջապատված է անհասկանալի ու անհարկի շինություններով: Սպենդիարյանը նաև իմ ընտանեկան պատմության մաս է, քանի որ նրան ճանաչել են իմ պապիկն ու տատիկը, իսկ նրա երեք աղջիկները՝ մտերիմ ընկերուհիներն էին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը: - Մի քանի տարի առաջ, երբ սկսեցին քանդել որոշ սրճարաններ՝ ասելով, որ հանրությանը պետք է վերադարձնել հանրային տարածքը, ես ասել եմ, որ կընդունեմ միայն այն ժամանակ, երբ կտեսնեմ Սպենդիարյանի շիրիմը ազատված այդ կառույցներից: Ես դա դեռ չեմ տեսնում: Ուրեմն հանրային տարածքները դեռ չեն վերադարձվել հանրությանը»: