Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pajmanavoervac
A A
Սպորտ

Ինչպես են ֆուտբոլի պայմանավորված խաղեր կազմակերպել Հայաստանում

Մայիսի 13-ին յութուբյան ալիքով կցուցադրվի փաստավավերագրական ֆիլմ, որտեղ «Եվրոպայի հետաքննության գործակալության» լրագրողները կներկայացնեն, թե ինչպես են վերջին տարիներին եվրոպական մի շարք երկրներում կազմակերպվել ֆուտբոլի պայմանավորված խաղեր։

Ինչպես տեղեկացնում է ռումինական Gazeta Sporturilor թերթի լրագրող Կոստին Ստուկանը, որը այդ գործակալության աշխատակիցներից է, չինացիները կեղծ ընկերությունների օգնությամբ եվրոպական տարբեր երկրներում ձեռք են բերել ֆուտբոլային ակումբներ, դրանցում նշանակել են իրենց մարդկանց և նրանց միջոցով կազմակերպել են պայմանավորված խաղեր և խաղադրույքներով վաստակել խոշոր գումարներ։

Այդ ֆիլմում, մասնավորապես, խոսք է գնում նաև Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկած «Երևան» ֆուտբոլային ակումբի մասին, որը գնել են չինացիները և նման սխեմայով պայմանավորված խաղեր կազմակերպել մեր առաջնությունում։ Աղբյուրը նաև հիշեցնում է, որ պայմանավորված հանդիպումների պատճառով անցած տարի անավարտ է մնացել Հայաստանի 1-ին լիգայի առաջնությունը, որի արդյունքում տասնյակ ֆուտբոլիստներ, մարզիչներ և ֆուտբոլային այրեր որակազրկվել են։

Հավելենք, որ վերը նշված սխեմայով չինացիները խաղեր են «սարքել» նաև Պորտուգալիայում, Չեխիայում, Իռլանդիայում, Ռումինիայում, Լատվիայում և Ռուսաստանում։