Սկզբում 250 ադրբեջանցի էր մեր տարածքում․ ՊՆ-ն փակել էր սնուցման մուտքերը․ ո՞նց դարձան 600․ Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի արտահերթ նիստում, որ հրավիրվել էր ընդդիմության նախաձեռնությամբ, քննարկվում է ԼՀԿ-ի կողմից ներկայացված հայտարարության նախագիծը: Այն վերաբերում է այն փաստաթղթի ստորագրմանը, որի մասին մայիսի 20-ի Կառավարության նիստում խոսել է վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց․
«Մենք հրավիրել ենք վարչապետի, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի պաշտոնակատարներին, որ հարցերին արձագանքեն: Քանի որ, ըստ արտահերթ նիստի ընթացակարգի, ելույթ ունեցողներին հարցեր չենք տալու, ես հարցերը հիմա կտամ: Արդյո՞ք տարածվածը իրական փաստաթուղթն է, որը վարչապետի պաշտոնակատարը պատրաստվում է ստորագրել: Արդյո՞ք հնարավոր չէր մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը և Հայաստանում նոր, լեգիտիմ, առաջնային մանտադ ստացած, ժողովրդի կողմից լիազորված իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ»:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց, թե ո՞րն է այս նիստի նպատակը, երբ բոլոր պատգամավորներն էլ գիտեն, որ Սահմանադրության համաձայն վարչապետի պաշտոնակատարը իրավասու չէ ստորագրել և ուժի մեջ դնել փաստաթուղթը, այդ մասին գիտեն նաև Ադրբեջանն ու Ռուսաստանը։
«Մեր պետական տարածք են մտել, վարչապետն ասաց, 500 հոգի: Եթե 250 հոգի էին, ՊՆ-ն փակել է նրանց սնուցման մուտքերը, ո՞նց դարձավ 500: ՀՀ տարածք են մտել 500 հոգի և մենք մինչև այսօր փորձում ենք բանակցություններով նրանց հանել, ինչը ճիշտ է: Բայց այս թուղթը, որ ծնվել է այս գործընթացի արդյունքում, ճիշտ չի, որովհետև դրանից տեղյակ չենք մենք, տեղյակ չի ժողովուրդը: Ժողովրդին ասվել է, որ ձեր թիկունքում որևէ բան չենք պայմանավորվելու, բայց բան կա պայմանավորված: Կարող է` անակնկալ է ժողովրդի համար, կարող է` վատ բան է», - ասաց Մարուքյանը: