Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+germania
A A
Սպորտ

Գերմանիան սպասում է Ռոբերտ Լևանդովսկու գոլին, իսկ Գերդ Մյուլլերը` ոչ

Եվրոպայի առաջատար 5 ֆուտբոլային առաջնություններից առաջինը եզրագիծը կհատի Գերմանիայի Բունդեսլիգան:

Այսօր տեղի կունենա վերջին` 34-րդ տուրը: Բոլոր խաղերը կսկսեն միևնույն ժամին: Ավաղ, կայանալիք 9 հանդիպումներից միայն չորսն ունեն մարզական նշանակություն, մնացածը ոչինչ չասող խաղեր են:

Բոլորի ուշադրության կենտրոնում առաջին հերթին գտնվում են «Արմինիայի», «Վերդերի» և «Քյոլնի» մասնակցությամբ հանդիպումները: Երեք ակումբները պայքարում են 15-րդ փրկարար տեղի համար: Վերջին տուրից առաջ այս հորիզոնականում մնալու լավ հնարավորություն ունի «Արմինիան», որը արտագնա խաղում «Շտուտգարտին» հաղթելու դեպքում կպահպանի իր տեղը Բունդեսլիգայում: Հակառակ դեպքում ամեն ինչ կախված կլինի արդեն նրան հետապնդող երկու թիմերի ցուցադրած արդյունքներից:

«Վերդերը» սեփական դաշտում ընդունելու է Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որը Բեռլինի «Ունիոնի» հետ պայքարում է եվրոգավաթային 7-րդ տեղի համար: Վերջինս իր հարկի տակ կմրցի այս տարվա փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգի» հետ: Նախավերջին տեղում գտնվող «Քյոլնը» սեփական դաշտում կհյուրընկալի ետնապահ «Շալկե-04»-ին, որը վաղուց դուրս է մնացել Բունդեսլիգայից:

Սակայն, Գերմանիայի ֆուտբոլասերները, հատկապես Մյունխենի «Բավարիայի», անհամբեր սպասում են թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ելությթին: Բանն այն է, որ լեհ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում արդեն խփել է 40 գնդակ և կրկնել է աշխարհահռչակ հարձակվող Գերդ Մյուլլերի 50 տարվա վաղեմության ռեկորդը: Եթե «Աուգսբուրիգի» հետ խաղում նա հերթական գոլը հեղինակի, ապա կսահմանի Բունդեսլիգայի արդյունավետության նոր ռեկորդ: