Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արմավիր քաղաքից 7 զինծառայողի ճակատագիր այս պահին անհայտ է. քաղաքապետ (տեսանյութ)

Արցախյան վերջին պատերազմում Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 41 մարդ կյանքը տվել է հանուն հայրենիքի, 7 զինծառայող այս պահին անհայտ կորած է, «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացրեց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Պատերազմին մասնակցած տղաներին, զոհվածների ընտանիքներին թեև պետական աջակցություն ցուցաբերվել է, նրա խոսքով, փորձել են նաև նրանց տարբեր ծրագրերի համար միջնորդել․ «Կապն ակտիվ պահում ենք ինչպես զոհված, այնպես էլ անհետ կորած զինծառայողների ընտանիքների հետ։ Փորձում ենք տարաբնույթ հարցերով միմյանց օգտակար լինել։ Այցերի ընթացքում փորձում ենք հոգեբանորեն աջակցել, կապը պահել նրանց հետ, հասկանալ կարիքներն ու փորձել համայնքի հնարավորությունների սահմաններում աջակցել»։

Պատերազմի ընթացքում Արցախից տեղահանված բազմաթիվ բնակիչներ տեղավորվել էին ՀՀ տարբեր մարզերում։ Ինչպես Խուդաթյանը ասաց՝ պատերազմի ամենաթեժ օրերին Արմավիր քաղաքն ընդունել է 1000-ից ավելի արցախցիների։ Ըստ նրա ունեցած վերջին տվյալների՝ այս պահին Արմավիրում բնակվում է մոտ 150 արցախցի։

«Պատերազմից հետո մեր հայրենակիցների մեծ մասը վերադարձավ Արցախ, որոշակի հատված այս պահին ապրում են Արմավիրում՝ կապված Արցախում բնակարանային ֆոնդի դժվարությունների հետ։ Մեր այն հայրենակիցները, որ այժմ Արմավիրում են, բավականին լավ ադապտացվել են, նրանցից ոմանք նաև քաղաքապետարանի ենթակառույցներում աշխատանքի են անցել՝ իրենք աշխատանքով օգտակար լինելով քաղաքին և լուծելով իրենց ընտանիքի կարիքները», - ասաց Դավիթ Խուդաթյանը։

Առաջնահերթության կարգով բոլոր երեխաները, որ կարիք են ունեցել ընդունվելու կրթական հաստատություններ, նրա խոսքով, շատ արագ ընդունվել են։

Շուտով խորհրդարանական արտահերթ ընտրություններն են և Խուդաթյանը նշեց՝ որպես իշխանություն քաղաքում ընտրությունների կազմակերպման տեսանկյունից պատասխանատվություն զգում են, սակայն կան համապատասխան կառույցներ, որ հստակ զբաղվելու են կազմակերպչական բոլոր հարցերով։