Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը իրավունք չունի վարչապետի լիազորություններ կատարել՝ դա հանցագործություն է․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ նախագահ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ Գլխավոր Դատախազություն, որը, Զոհրաբյանի կարծիքով, իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։

«Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասում կա ձևակերպում, որ վարչապետի լիազորությունները ավարտվելուց հետո այդ լիազորությունները պահելը համարվում է հանցագործություն, ընդ որում՝ ազատազրկումը 10-15 տարի։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի արարքը առերևույթ համապատասխանում է այս հանցագործության հատկանիշներին», - ասաց Արա Զոհրաբյանը։

Նիկոլ Փաշինյանը փորձում է իրականացնել վարչապետի լիազորություններ և փորձում է ՀՀ անունից Ադրբեջանի նախագահի հետ փաստաթուղթ ստորագրել, ասաց Արա Զոհրաբյանը։    

Ուսումնասիրելով իրավական նորմերը՝ իրենք հայտնաբերել են, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ երբ վարչապետը հրաժարական է ներկայացնում, նրա պաշտոնը համարվում է թափուր, այսինքն՝ դատարկ, որտեղ ոչինչ չկա ու այդ պայմաններում նա չի կարող շարունակել իր լիազորությունները։

Նրա խոսքով՝ Կառավարության մյուս անդամները կարող են ժամանակավոր պաշտոնավարել, սակայն Փաշինյանը չի կարող։

Թեև Նիկոլ Փաշինյանը դեռ փաստաթուղթը չի ստորագրել, սակայն Արա Զոհրաբյանի խոսքով, դրա վտանգն իրենք տեսնում են․ «Նա ասել է՝ ստորագրելու եմ այդ փաստաթուղթը։ Հանցագործությունը, մեր կարծիքով, վարչապետի լիազորությունները պահելն է։ Եթե նա այդ փաստաթուղթը ստորագրելու մասին հայտարարություն չաներ, միգուցե ես ինձ նեղություն չտայի, այս փաստաթուղթը չկազմեի»։  

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից սպասելիքների մասին հարցին նա պատասխանեց, որ հարցի լուծման իրավական ճանապարհը սա է։ Ինքը մասնագիտությամբ փաստաբան է և առաջինը պետք է իր մասնագիտությամբ փորձի լուծել հարցը․ «Եթե մեր մեջ կլինեն հոգեբաններ կամ հոգեբույժներ, իրենք կարող են հարցը նայել այլ տեսանկյունից, փորձեն այլ տեսակետից մարդուն ուսումնասիրել և իրենց գործնական առաջարկներն անել»։

Նա նշեց, որ եթե նախկինում խոսքում էինք Արցախ-Ադրբեջան հակամարտության մասին, այսօր խոսում ենք Հայաստան-Ադրբեջանի մասին՝ խնդիրը կամաց-կամաց հասնում է մեզ։

«Եթե տեսնում եք, հրապարակային դաշտում սև ու սպիտակի թեմա ենք քննարկում։ Ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ այդ ֆեյք օգտագործողները, որ հայհոյում են կանանց, աղջիկներին խիստ պատժվեն։ Որևէ մեկը թող հույս չունենա, որ կարող է պլստալ», - ասաց Արա Զոհրաբյանը։