Մոլիերի ժամանակներից դատական համակարգում նույն կաշառակերությունն է ու դժոխքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 28-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում պրեմիերա է, Մոլիերի՝ «Սկապենի արարքները»։
«Եթե չեմ սխալվում, մեր թատրոնում Մոլիեր չի բեմադրվել, համենայն դեպս վերջին տասնամյակներում։ Մոլիերը, կարելի է ասել, մարտահրավեր է թատերախմբին, բավական բարդ գործ է Մոլիեր բեմադրելը, բայց նաև համարում եմ, որ թատրոնի խաղացանկում պետք է անպայման լինի։ Սա մեր սիրո խոստովանությունն է թատրոնին»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ Նրա բնորոշմամբ, Մոլիերը մաքուր թատրոն է, նաիվ ուրախություն և սեր թատրոնի հանդեպ։
Սկապենի դերակատար Լեվ Նալբանդյանի համար սա առաջին գլխավոր դերն է։ «Շատ վառ դեր է, հետաքրքիր։ Իմ հերոսը թեև խաբեբա է, խաբեբայությամբ է դրամ վաստակում և օրենքի հետ ունի խնդիրներ, սակայն, բանսարկու և գող չէ։ Ինչպես մեր գեղարվեստական ղեկավարն է հումորով ասում, այս պիեսում Սկապենն արդեն «թոշակառու» է և ընդամենը փորձում է օգնել սիրահարված զույգերին միավորվել։ Ասեմ նաև, որ շատ ակտուալ թեմա է դատական համակարգի նկարագրությունը։ Փաստորեն, Մոլիերի ժամանակներից ի վեր, այս համակարգում առկա են կաշառակերությունն ու, ինչպես ասում է Սկապենը՝ դատվելը նույնն է, ինչ դժոխքում այրվել»։