Ենթադրում եմ՝ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի նման բան անել և ոմանց հետ համաձայնեցվել է այս ծրագիրը․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական զորքերը ՀՀ տարածքից հանելու շուրջ բանակցություններն ի՞նչ փուլում են․ այս հարցը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ուղղեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Մարուքյանը նաև հարցրեց, թե ի՞նչ արձագանք կա ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Սև լիճ» կոչվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր, և ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը․ «Սա էր պատճառը, որ ՀՀ-ն որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Շատ է խոսվում, որ ՀՀ բանակը գործողություն չի անում և դիմում է ՀԱՊԿ-ին։ Հենց ՀԱՊԿ-ը և դրա կազմի մեր գործընկերներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով։ Հետևաբար, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն հանդես է գալիս ոչ թե որպես խնդրարկու, այլ մի գործիք է, որ այդ բոլոր երկրները ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակում օգտագործելու համար»։
Նրա խոսքով՝ Հայաստանի՝ ռազմական բախման չգնալը նպատակ ունի ինքնաբերաբար ՀԱՊԿ երկրներին ռազմական լուծման մեջ չներքաշելու ու դա է պատճառը, որ իրենք ասում են՝ եկեք քաղաքական ճանապարհով լուծենք այս հարցը։
«Այս պահի դրությամբ մեզ չի բավարարում ՀԱՊԿ գործողությունների արագությունը, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ։ Աշխատանքային մակարդակում ՀԱՊԿ-ն ասում է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն մեր տարածքից, սակայն հրապարակային մակարդակում չի ասում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ՄԱԿ անվտանգության խորհուրդ դիմելուն, նրա խոսքով, այդ հարցը հենց առաջին օրերից է քննարկման առարկա եղել, սակայն նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ։
Փաշինյանը նաև նշեց, որ իրենք որևէ փաստաթուղթ չեն ստորագրի առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման․ «Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կա՛մ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կա՛մ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացքում և որտեղից ուր են գնում Ադրբեջանի զորքերը»։
Դեռ նախորդ հարցուպատասխանի ժամանակ, նրա խոսքով, երբ փաստաթուղթը չէր հրապարակվել, իրենք գրավոր երկու առաջարկ են ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ․ «Առաջինը՝ գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, երկրորդը՝ տվել ենք կոորդինատներ, թե զորքերն Ադրբեջանի որ կոորդինատներից անդին պետք է լինեն։ Այդ պահից սկսած մեր առաջարկին արձագանք չենք ստացել»։
Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ մտադրությունների վերաբերյալ տեղեկատվությունը, Փաշինյանի խոսքով, պետք է ամենուր տարածել՝ միջազգային կապերն օգտագործելով։
«Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցված այս ծրագիրը։ Ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել և ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը։ Բայց, քանի դեռ կոնկրետություն չկա, մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք և անհրաժեշտության դեպքում, երբ ունենանք հիմնավոր տեղեկություններ, որ այս կամ այն միջազգային սուբյեկտների հետ ծրագիրը համաձայնեցված է, նաև պետք է մեր ժողովրդին բաց, հրապարակային ասենք, նաև գուցե ասենք վերջին 3, 4, 5, գուցե 10 տարվա իրադարձությունների մասին ասենք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նրա խոսքով՝ աղմուկի մեջ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին 15 տարվա ընթացքում․ «Ես այս ամբիոնից, ըստ էության, թույլատրելիից մի քիչ էլ ավելի տեղեկատվություն եմ տվել։ Ցանկացած մարդ, ով ուզում է վերլուծել իմ ասածը, կգծագրի, կգրի և ոչ մի հարց չի առաջանա»։