Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alfa
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիայի» ֆաները վստահում են ղեկավարությանը, բայց ոչ նրանց բերած մարզչին

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆան ակումբը, որը կոչվում է ԱԼՖԱ, հանդես է եկել հայտարարությամբ:

«Ի գիտություն բոլոր քննադատողների. 3 տարվա մեջ մեր թիմը այնպիսի արդյունքների է հասել, որ թիմեր կան 30 տարում չեն հասնում։

Ֆուտբոլային տարին դժվար էր բոլորիս համար. covid, պատերազմ, բայց ԱԼՖԱ-ն միշտ եղել է ու կլինի թիմի կողքին:

Պահանջում ենք անհապաղ հեռացնել մարզչին և մի քանի տուրիստ ֆուտբոլիստների: Վստահում ենք ակումբի ղեկավարությանը և միասին  շարժվում դեպի մեր նպատակները։

Սպասում ենք լուրջ համալրումների և մյուս տարի կվերադառնանք ավելի ուժեղ», - նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի անցած առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը և առաջին անգամ դուրս է մնացել եվրոգավաթային մրցաշարերից: Մինչ այդ թիմը երկու անգամ դարձել էր Հայաստանի չեմպիոն և բավական հաջող հանդես եկել Եվրոպայի լիգայում`հասնելով մինչև որակավորման փուլի փլեյ-օֆֆ:

Ավաղ, թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հեռանալուց հետո ակումբի ղեկավարները չկարողացավ արժանի փոխարինող գտնել: Արդյունքում, թիմը կորցրեց և իր խաղաոճը, և մարտունակությունը, և չեմպիոնական տիտղոսը:

Երեկ կայացած «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» (0:1) խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնին պարզապես շտապում էր շուտ հեռանալ մարզադաշտից: «Ա1+»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է գնահատում իր թիմի ելույթը առաջնությունում, նա ասաց. «Վեջին մեկ շաբաթում երկու անգամ հանդիպեցինք «Ալաշկերտի» հետ: Եթե հաղթեինք, կդառնայինք չեմպիոն: Հաղթեց մրցակիցը, նա էլ չեմպիոն դարձավ: Ուրիշ ասելիք չունեմ»:

Եվ դա, իրոք, այդպես է: Թիմերը մայիսի 22-ին հանդիպել էին հետաձգված խաղում, իսկ 28-ին` վերջին տուրի շրջանակում: