«Օգնի՛ր մեզ, Պուտին»․ անհետ կորածների հարազատները հույսները դրել են ՌԴ-ի վրա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են ակցիաներ իրականացնել և այս անգամ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ էին։ Նրանք նշում էին, որ ՌԴ-ի օգնությանն են դիմելու, որ վերադարձնեն իրենց երեխաներին ու ինչ-որ կերպ հարցին լուծում տան։
Նրանք իրենց հետ Ռուսաստանի դրոշներն ու «Օգնի՛ր մեզ, Պուտին» գրվածքով պաստառներ ունեին։
Ծնողներից տիկին Ալլան նշեց, որ 8 ամիս է՝ ոչ մի տեղեկություն չունի իր երեխայից, իսկ այստեղ քաղաքական ուժերն ու իշխանությունն աթոռակռիվ են անում։
Ծնողներից մեկը նշեց, որ 7-8 ամիս է՝ ոչ մի պետական կառույցի ներկայացուցիչ չէր զանգահարում ծնողներին ցավակցելու կամ որևէ բան հայտնելու, զրուցելու նրանց հետ, սակայն այսօր բոլորն ակտիվացել են ու անգամ տղաների հոգեհանգստին են գնում․ «7 ամիս անց նպատակն ինչո՞ւմ է կայանում, պատասխանում են՝ եկել ենք հարցնելու՝ ինչպես են ծնողները։ Բայց 7 ամիս չկային, ի՞նչի մասին է խոսքը»։
Ծնողը նշեց, որ նաև իրեն ու մյուս ծնողներին անգամ սպառնում են, իսկ թե ով է սպառնում, չմանրամասնեց։ Անհայտ կորած տղաներից մեկի հորեղբայրն ասաց, որ երբ խոսում ես Կառավարության դեմ, միանգամից խոչընդոտներ են առաջացնում, որ հնարավոր չլինի երեխային փնտրել և գտնել, դրա համար էլ մարդիկ ակցիաներին խուսափում են խոսել և նկարահանվել․ «Մենք գիտենք, որ գերիների ցուցակը կա, խնդրեցինք վարչապետին, չհրապարակեց, որ իմանանք՝ մեր երեխան ողջ է, թե ոչ»։
Թատերական ինստիտուտի դասախոս Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ իր ուսանողներից նույնպես անհայտ կորածներ կան ու գերության մեջ․ «Ես տեղյակ եմ, որ ծնողների հետ ռուսական ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ու հայտարարել են, որ մեր իշխանության անբավարար աշխատանքի, ձգձգելու պատճառով այս հարցը մնացել է շուրջ 8 ամիս չլուծված։ Ինչքան երկարի, այնքան վատ է լինելու։ Ամեն մի օրը գերեվարվածի համար դժոխք է»։