Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» համագումարը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն ՀԿ-ի այսօր կայացած համագումարի ընթացքում հայտարարվեց, որ միությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններում սատարելու է այն քաղաքական ուժին, որը պատրաստվում է երկիրը հանել այս ծանր իրավիճակից ու տանել դեպի հաղթանակ և այդ ուժը, նրանց կարծիքով, «Հայաստան» դաշինքն է։

Միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ իրենք միշտ ցանկացել են հեռու մնալ քաղաքական հայտարարություններից և առաջնորդվել ազգ-բանակ գաղափարախոսությամբ, սակայն այսօր երկրի վիճակն օրհասական է ու պատերազմի դաշտը Հայաստանի սրտում ՝ մայրաքաղաքում է և իրենք պարտավորված են զգում քաղաքականության մեջ էլ գործողություններ իրականացնել. «Նիկոլը պրոյեկտ է և մոտ երկու տարի հետո մենք կկանգնենք հայրենիքը կորցնելու վտանգի առաջ»։

Թշնամին երկար ժամանակ մեր տարածքում է, Գրիգորյանի խոսքով, նրանց հետ խոսելու բան չկա, թշնամուն պետք է համարժեք պատասխանել ու ոչնչացնել։ Նրա կարծիքով՝ թշնամին ինքնուրույն չի մտել մեր սահմաններից ներս, այլ այս իշխանությունն է պայմաններ ստեղծել դրա համար։

«44-օրյա պատերազմի ընթացքում սկզբում եղել ենք Մատաղիսի հատվածում, հետո տեղափոխվել ենք Բերձոր։ Ես հպարտ կարող եմ ասել, որ եթե Լաչինն այսօր մեր ձեռքում է, դա մեր կատարած աշխատանքի արդյունքն է, որովհետև մենք ենք միայն դիմակայել այդ տարածքում», - ասաց Գրիգոր Գրիգորյանը։

Նա կոչով դիմեց բոլորին՝ սատարելու ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա դաշինքին։

«Մենք լավ պատկերացնում ենք Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիների կատարած աշխատանքները, ՀՅԴ կուսակցության դերն ու նշանակությունը և լավ ուսումնասիրել ենք ու վստահություն ենք հայտնում «Վերածնվող Հայաստան» սյունեցիների կուսակցությանը։ Աջակցելով նրանց, մենք պատերազմ ենք հայտարարում ներքին թշնամուն և պայքարելու ենք ավելի դաժան»։

Գրիգորյանը համոզված է, որ 2021թ. հունիսի 21-ի առավոտը բացվելու է ավելի պայծառ ու հաղթանակով։

Համագումարի ընթացքում միության նախագահը պարգևներ հանձնեց ազատամարտիկներին, զոհված զինծառայողների մայրերին և ընտանիքներին։

Պարգևատրվեց նաև «Հրադադար մարդկային կորստի ցավ» ՀԿ նախագահ Աղավնի Ղուկասյանը՝ զոհված տղաների մայրերի և ազատամարտիկների կողքին լինելու և համագործակցելու համար։