Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է․ «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության հրապարակից մեկնարկեց «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը։ Մինչ կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը կհասցներ խոսել լրագրողների հետ, հրապարակով անցնում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության քայլերթը։
Արամ Սարգսյանը հեռվից ողջունեց ԼՀԿ-ին՝ ասելով․ «Բարև ձեզ, բարև ձեզ, լուսավորներ ջան», պատասխանը եղավ լավ քարոզարշավի մաղթանքը։
Հանրապետության փողոցի և Հանրապետության հրապարակի մոտից քարոզարշավը սկսելը, Արամ Սարգսյանի խոսքով, իհարկե, խորհրդանշական է, քանի որ իրենց կուսակցությունն էլ «Հանրապետությունն» է․ «Մենք պատահական չենք ընտրել մեր անունը, մեր նպատակն է ստեղծել իսկապես օրինակելի հանրապետություն, որում մարդիկ պաշտպանված են արտաքին թշնամիներից, կարողանում են ինքնուրույն պաշտպանել իրենց ինքնությունը, հանրապետություն, որ աշխարհի հետ շփվում է հարգանքից ելնելով, փոխադարձ հարգանք ձևավորելով»։
Արամ Սարգսյանը նշեց, որ այս ընտրություններին մասնակցում են միայնակ՝ առանց դաշինքի, որովհետև ներքաղաքական այս իրավիճակում քաղաքական ուժի համար մեկ խնդիրներից պետք է լինի հուսալիությունը և իրենք հուսալի թիմ են․ 20 տարիների ընթացքում գաղափարապես տարբեր մարդիկ հասցրել են լքել իրենց թիմն ու տեղ գտնել այլ թիմերում և այժմ իրենք բոլորը հավաքված են նույն գաղափարի շուրջ։
Քայլերթով կուսակցությունը հասավ Հյուսիսային պողոտայի սկզբնամաս, որտեղ տեղակայված էր նրանց շրջիկ շտաբը։ Արամ Սարգսյանը ներկայացրեց այն ու նշեց, որ նման շտաբներ կարելի է տեսնել ՀՀ տարբեր տարածքներում․ «Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է, որ Հայաստանում դեռ որևէ մեկը չի կիրառել»։
Անցորդները կարող են վերցնել հատուկ թերթիկը և նախատեսված հատվածում գրել իրենց պատգամն ու հանձնարարությունը «Հանրապետություն» կուսակցությանը ու թողնել արկղում։