Եվրո-2020. 15-րդ օր. Նիդերլանդներն ընդդեմ արդյունավետ չեխի, Ռոնալդուն` Լուկակուի
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի առաջնության մրցումային 15-րդ օրը կկայանան 1/8 եզրափակիչ փուլի հերթական երկու հանդիպումները:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում միմյանց հետ խհանդիպեն Նիդերլանդների և Չեխիայի հավաքականները: Նիդերլանդցի ֆուտբոլիստները խմբային փուլում տարել են ոչ միայն երեք հաղթանակ, այլև խփել են բոլորից շատ գոլեր` 8: Նրանք այս խաղի ֆավորիտներն են համարվում:
Չեխիայի ընտրանին չնայած 3-րդ տեղով է մտել փլեյ-օֆֆ, սակայն խմբային փուլում աչքի է ընկել ամուր պաշտպանությամբ` 2 բաց թողած գնդակ: Չեխերը խփել են 3 գոլ, ընդ որում բոլորն իր անվան դիմաց գրանցել է Պատրիկ Շիկը:
Թիմերը հաճախ են մրցակիցներ եղել աշխարհի և Եվրոպայի առաջնության ընտրական և եզրափակիչ փուլերում: 1994 թվականից սկսած դրանք անցկացրել են 11 խաղ, որից 5-ում հաղթել են չեխերը, իսկ 4-ում` նիդերլանդցիները: Վերջին երկու խաղերն ավարտվել են Չեխիայի առավելությամբ` 2:1, 3:2:
Օրվա երկրորդ խաղում ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Բելգիան Սևիլյայում կհանդիպի Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հետ:
Բելգիացիները խմբային փուլում տարել են երեք հաղթանակ և վստահ գրավել առաջին տեղը: Այդ խաղերում հատկապես աչքի է ընկել թիմի առաջատար Ռոմելու Լուկակուն, որը խփել է 3 գոլ:
Պորտուգալիայի հավաքականը իր խմբում զբաղեցրել է ընդամենը 3-րդ տեղը, սակայն ետ է մնացել մրցաշարի երկու ֆավորիտներից` Ֆրանսիայից ու Գերմանիայից: Պորտուգալացիները երեք խաղում խփել են 7 գոլ, որից 5-ը իր անվան դիմաց գրանցել է թիմի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն, սակայն, միաժամանակ, բաց են թողել 6 գնդակ:
Պորտուգալիայի հավաքականը բավական անհարմար մրցակից է Բելգիայի ընտրանու համար: Թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերում պորտուգալացիները տարել են երեք հաղթանակ, իսկ երկու հանդիպում ավարտել են ոչ-ոքի: Բելգիան վերջին անգամ Պորտուգալիային հաղթել է 32 տարի առաջ, աշխարհի 1990թ առաջնության ընտրական խաղում` 3:0:
Այսօրվա խաղերը կսկսեն ժամը 20-ին և 23-ին: