Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Գինի չլցնեք գրքի վրա, այդ բարբարոսությունը չանեք․ Ալինա Փահլեւանյան (տեսանյութ)

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում, կոմպոզիտորի 150- ամյա հոբելյանի շրջանակում տեղի ունեցավ Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա.Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գրքի շնորհանդես- գինեձոնը:  

«Ինչքան շատ Սպենդիարյանին մեր հասարակության մեջ, նրանց հոգիներում ու սրտերում տեղ տալու գործընթացը կարողանանք իրականացնել տարբեր միջոցառումներով ու ֆորմատներով, կհամարենք, որ մեր գործը իրականացրել ենք: Այսօր մեր հասարակությունը դրա պակասը ունի: Այսօր իրական արժեքների պակասից է, որ տեղը լրացվում է վատ, էժանագին բաներով»,- բացման խոսքում ասաց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: 

Գեորգի Բուդաղյանի 1968 թվականին գրված աշխատությունը հանձնվել է թանգարանին ի պահ: Գրքի գլխավոր խմբագիր, երաժշտագետ Ալինա Փահլևանյանը համոզված  է, որ այս աշխատությունը սեղանի գիրք կդառնա այն ուսանողների համար, որոնք ուսումնասիրում են գործիքավորում, որովհետև, նրա խոսքով, այն բացահայտում է Սպենդիարյանի գործիքավորման բացառիկ վարպետությունը: 

Գիրքը չի վաճառվելու, տպագրվել է սահմանափակ տպաքանակով և յուրաքանչյուրն ունի իր հասցեատերը: Բաժանելու են, մեր և արտերկրի համերգասրահների, օպերային թատրոնների, բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատությունների գրադարաններին: Մարինե Օթարյանը հուսով է, որ ծանոթանալով այս գրքի հետ, միգուցե որևէ դիրիժորի մոտ ցանկություն առաջանա իրականացնելու «Ալմաստ » օպերայի բեմադրությունը: 

Շնորհանդես - գինեձոնի ավարտին, ըստ ձևավորված ավանդույթի, գրքի տպագրման մասնակիցները պետք է մակագրեին և ցողեին գիրքը գինով: Ալինա Փահլևանյանը սակայն խնդրեց գինի չլցնել գրքի վրա: «Այդ բարբարոսությունը չանեք, ավելի լավ է մենք այդ գինին խմենք», - կես-կատակ ասաց նա: