Երկու նոր ռեկորդ Տոկիոյի օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը
Աջակցիր «Ա1+»-ինՏոկիոյում այսօր մեկնարկեց 2020թ օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի խմբային փուլի մրցաշարը:
Արդեն առաջին տուրում գրանցվեց խոշոր անակնկալ: Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականը մեկնարկային խաղում 0:3 հաշվով պարտվեց Շվեդիայի ընտրանուն: Այդպիսով, ընդհատվեց ամերիկուհիների անպարտելի հանդիպումների շարքը: 2019 թվականի հունվարից հետո ԱՄՆ-ի հավաքականն անցկացրել էր 44 պաշտոնական հանդիպում, որոնցում պարտություն չէր կրել:
Բրազիլիայի հավաքականը, որը 5:0 հաշվով վստահ հաղթեց Չինաստանին, օլիմպիական նոր ռեկորդ սահմանեց: Թիմի ավագ Մարթան դարձավ առաջին ֆուտբոլիստուհին, որն աչքի ընկավ օլիմպիական հինգ խաղերում: Նա իր անդրանիկ գոլը խփել էր 2004թ, Աթենքի խաղերում:
Իսկ ահա Նիդեռլանդների և Զամբիայի հավաքականները միասին խփեցին 13 գոլ: Դա նույնպես օլիմպիական խաղերի նոր ռեկորդ է: Հանդիպումը 10:3 հաշվով ավարտվեց եվրոպացի ֆուտբոլիստուհիների առավելությամբ: Նիդեռլանդուհի Վիբիան Միդեման չորս գոլ խփեց և կրկնեց գերմանուհի Բիրգիտ Պրինցի ռեկորդը, որը սահմանել է 2004թ խաղերում: