Խոհանոցը միակն է, որը կարող է ստիպել մարդուն սիրել ուտեստի հայրենիքը. կայացավ Խորովածի փառատոնը
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ օգոստոսի 22-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցավ ավանդական դարձած խորովածի փառատոնը: Փառատոնի մասնակից տաղավարների թիվը հասնում էր 40-ի: Ըստ կազմակերպիչների` ցանկացողներ շատ էին․ հատկապես մեծ ոգևորություն է ցուցաբարել տեղի բնակչությունը:
Փառատոնի նպատակն է գրավել հատկապես զբոսաշրջիկների ուշադրությունը, հետաքրքրություն առաջացնել հայկական խոհանոցի նկատմամբ ու դրանով ավելի ակտիվացնել մարզի սննդի կենտրոնների, ռեստորանների այցելությունները։
«Ռեստորաններն այս փառատոնին ոչ միայն սպասարկում են այցելուներին, այլև հանդես են գալիս գովազդով: Մեր միջոցառումները, խոհարարական փառատոները, դրական ազդեցություն են ունենում հատկապես տուրիզմի ոլորտում:
Ռեստորաններում և նման այլ սննդի կենտրոններում զբոսաշրջիկների առկայությունը խիստ պայմանավորված է նման միջոցառումներով: Արտերկրից մեզ զանգահարում են ու հարցնում՝ ո՞ր օրն է լինելու փառատոնը, միշտ անհամբեր սպասում են այս օրվան: Քիմքի արձանագրած զգացողությունն ամենաերկարն է պահպանվում: Խոհանոցը միակն է, որը կարող է ստիպել մարդուն սիրել ուտեստի հայրենիքը»,- լրագրողների հետ զրույցում ասում է խոհարար Սեդրակ Մամուլյանը:
Խորոված համտեսելն, իհարկե, ավելի լիարժեք է հայկական ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ, ուստի փառատոնն անցկացվում էր երաժշտության ու պարի ուղեկցությամբ։