Գառնիում գաթա վաճառող կանայք խոսում են վեց լեզուներով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳառնու տաճարի հարևանությամբ կաթնահունց գաթա ու մուրաբաներ վաճառելու գաղափարը պատահական է ծնվել․ Գոհար Լևոնյանը պատմում է՝ մոտ 30 տարի առաջ անծանոթ մեկը մտել է տաճարի մոտ գտնվող իրենց տունն ու ընկույզի մուրաբա խնդրել, համտեսել ու հավանել՝ տալով դրանք վաճառելու գաղափարը։
«Դրան զուգահեռ տարանք մյուս մուրաբաները` որպես տեսականիներ, ընտրություն կատարեցին, բացի դրանից եկամուտ էր, որը պակաս արժեք չուներ կարիքները հոգալու համար, սկսեցինք բիզնեսը կամաց-կամաց»,-ասում է նա։
Գառնիի հայտնի կաթնահունց գաթան վաճառում են բոլորը, սակայն ամեն մեկն այն պատրաստելու իր գաղտնիքն ունի։ Ամենակարեւորը՝ սիրով պատրաստելն է։
Ի տարբերություն նախորդ տարվա՝ զբոսաշրջիկները ավելացել են, բայց առեւտրի ծավալները՝ ոչ։ Ավելի շատ են ռուս ու իրանցի զբոսաշրջիկները։
«Ռուսների շատ սիրելի կերակուրները Հայաստանում են՝ սկսած գաթայից։ Զարմանում ես, որ իրենք հացակեր չեն, բայց սիրում են գաթաները ու շատ մեծ դժվարությամբ տանում են իրենց հետ։ Գինիներն են սիրում, որ կին թե տղամարդ, կարծես տարբերություն չես զգում, կանգնած տեղը խմում են», - ասում է նա։
Թամարա Լևոնյանն ասում է՝ քանի որ հիմնականում զբոսաշրջիկների հետ են աշխատում, անցյալ տարի մեկուսացման ժամանակ տանը մնալն ու զուգահեռ վարկերը մարելը բարդ էր։
«Վարկերը տոկոսներով լավ բարձրացրին, էլ ասելու չէր։ Ինչ սթրեսներ տարավ ժողովուրդը։ Քիչ վարկ ունենք, բայց հիմա Հայաստանի 80-90%-ը վարկերի տակ են», - ասում է նա։
Գառնեցի կանայք կատակում են, թե 30 տարի զբոսաշրջիկների հետ աշխատելով ստիպված վեց լեզու են սովորել․ «Շատ տուրիստներ գալիս են, մեզ հետ նկարվում են, որ հաջորդ տարիներին չշփոթվեն, գան, մոտենան մեզ ու նորից մեզնից գնումներ անեն»։
Գառնեցի կանայք միայն մեկ ցանկություն ունեն․ «Կուզեի՝ պատերազմ չլիներ, ընդմիշտ Ադրբեջանը, Ալիեւը մոռանային հայերին, այդ մի բանն եմ ուզում։ Աշխարհին թող խաղաղություն լինի, ոչինչ, սովորական ցամաք հացով էլ մենք լավ կզգանք, կապրենք»։